Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին...

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Բաքու կժամանի այս շաբաթվա վերջին՝ հայտնում են լրատվամիջոցները:

Հատկանշական է, որ դեսպանը կսկսի իր դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա լարվածության ֆոնին։ Լիբբիի թեկնածությունը հաստատվել էր նոյեմբերի սկզբին Սենատի կողմից՝ նրա նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը դեսպան չունի Ադրբեջանում անցած ամառվանից:

Լիբբին ավելի վաղ զբաղեցրել է Բրյուսելում Եվրամիությանն առընթեր ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես քաղաքական խորհրդական Վարշավայում, Նիկոսիայում և Բաղդադում ԱՄՆ դեսպանատներում: Վաշինգտոնում աշխատել է պետքարտուղարության Ճգնաժամային կառավարման գծով տնօրենի տեղակալ, Կենտրոնական Եվրոպայի գործերի գրասենյակի փոխտնօրեն, Հարավային Եվրոպայի գործերի գրասենյակի տնօրեն և այլ պաշտոններում: