Ադրբեջանի թիրախում նաև Ռոբերտ Քոչարյանն է

Ղարաբաղյան ռազմաճակատն ըստ էության երկու չափում ունի՝ իրական ռազմաճակատ, որտեղ գործում են զորքերը եւ վիրտուալ կամ տեղեկատվական ռազմաճակատ, որտեղ ադրբեջանցիները բավական ակտիվ են ու նենգ։ Մասնավորապես, ադրբեջանական քարոզչամեքենան հիմնականում օգտագործելով հայկական անուն ազգանունով կեղծ էջեր փորձում է տեղեկատվական որոշակի տրամադրություններ ստեղծել։

Ադրբեջանական քարոզչամեքենան հաշվի առնելով Հայաստանի նախապատերազմական ներքաղաքական իրավիճակը փորձում է դրանց վրա հենվելով խժդժություններ հրահրել։ Այս համատեքստում, ադրբեջանցիների թիրախում է նաև հայտնվել  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ներքաղաքական բոլոր թույլ տեղերով են փորձում խփել ադրբեջանցիները, բայց Քոչարյանի հարցը առավել սուր է դրված։ Չստացված «բլիցկրիգի» պայմաններում, Բաքուն թերեւս հասկացել է, որ ռուսական միջամտությունը կարող է այլեւս շատ սպասեցնել չտալ իրեն, իսկ նախագահ Քոչարյանի դերակատարությունը հայ-ռուսական հարաբերություններում ունի առանցքային դերակատարություն, ինչը նաեւ ռուսական կողմը ամենաբարձր մակարդակով ֆիքսել է՝ համարելով նրան հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետներից մեկը։

Սա իրական վտանգ կարող է հանդիսանալ Բաքվի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նույնիսկ հնչել է առաջարկություն առ այն, որպեսզի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ հարուցի Ռոբերտ Քոչարյանի դեմ այն բանի համար, որ իբրեւ թե նա զենք է բերել Ղարաբաղյան պատերազմի այս օրերին հայկական կողմի համար։

Ի դեպ, այն, որ ռուսական միջամտությունից կամ ռուսական զայրույթից Բաքվում վախ ունեն, երեւում է նաեւ Իլհամ Ալեւի՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասով օրեր առաջ հնչեցրած «սիրո խոստովանություններից»։

Ադրբեջանի քարոզչամեքենան ֆեյքերի և հայկական լրատվամիջոցների նման կեղծ լրատվամիջոցների միջոցով փորձում են թիրախավորել Քոչարյանին, սրել նրա և գործող իշխանությունների հարաբերությունները։ Նպատակը մեկն է՝ թուլացնել Հայաստանը ներսից, որքան հնարավոր է։ 

Չնայած այս հանգամանքին, պետք է նկատել, որ հայ հանրությունը հիմնականում կուլ չի տալիս այդ խայծը։ Այս պահին կարելի է ասել, որ խայծը կուլ են տվել Հայաստանի քիչ թվով բնակիչներ, որոնք գրագիտության խնդիր ունեն և մարգինալ մի զանգված, որը տարիներ շարունակ հակառուսական տրամադրություններ է սերմանել Հայաստանում և հետևաբար հայ-ռուսական բարեկամության «ճարտարապետի» համբավ ունեցող Քոչարյանն իրենց համար թշնամի է, ինչպես ադրբեջանցիների համար։

Արժանին պետք է մատուցել նաև իշխանություններին, քանի որ անկախ նախապատերազմական բարդ հարաբերություններից՝ կարողնում են հեռու մնալ  ադրբեջանական «թույնի» տարածումից։