Ադրբեջանի հետ բանակցությունների փաստաթուղթը ն...

Ադրբեջանի հետ բանակցությունների փաստաթուղթը նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Երեք տարի է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր, որ Ադրբեջանի հետ բանակցում է խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին՝ երեք կարևոր սկզբունքների հիման վրա, որոնք հայկական կողմի համար կարմիր գիծ են.

1) Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.800 ք/կմ,

2) տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն` չսահմանափակելով երկրների սուվերենությունը և իրավազորությունը,

3) պետք է ձեւավորվեն պայմանագրի իրագործումը երաշխավորող միջազգային մեխանիզմներ։

Ի պատասխան` Ալիևը երեկ հստակ հայտարարել է.

1) Ադրբեջանի զորքերը որևէ հետ քայլ չեն կատարելու այն տարածքներից, որոնք զբաղեցրել են 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո,

2) միջանցք պետք է լինի, այն պետք է անցնի Մեղրիով և Ադրբեջանից Ադրբեջան մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման,

3) Ադրբեջանը չի ընդունում միջազգային երաշխիք ամրագրելու հայկական կողմի պահանջը։

Ավելին` Ալիևը նաև հայտարարել է, որ դեմ է 1970 թ. քարտեզների հիմքով դելիմիտացիա սկսելուն և պահանջում է ՀՀ տարածքւոմ գտնվող 8 գյուղերը։

Փաստացի սա Բաքվի բռնապետի պաշտոնական հրապարակային պատասխանն է մեր պետության կադաստրի վկայական աղերսող Նիկոլ Փաշինյանին։

Սա Բաքվի բռնապետի պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են` Արցախը տանք, որ Հայաստանի Հանրապետությունը փրկենք։

Սա Բաքվի բռնապետի պատասխանն է միջազգային հանրությանը, ովքեր շաբաթը մի քանի անգամ արձանագրում էին «խաղաղության» պայմանագրի շուրջ առաջընթացի մասին։

Իրականում գործընթացի այս փուլում Ադրբեջանը ցանկանում է․

ա) լիգիտիմացնել և անշրջելի դարձնել իր մինչև օրս արձանագրած ձեռքբերումները՝ Արցախի բռնազավթման և ՀՀ տարածքների օկուպացիայի մասով,

բ) որևէ պարտավորություն չստանձնելով` չսահմանափակել իր հետագա գործողությունները։

Այս պարագայում Ադրբեջանի հետ 《խաղաղություն》բառը պարունակող վերնագրով պայմանագրի ստորագրումը նշանակում է․

1․ պաշտոնապես ընդունել, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է գտնվել Ադրբեջանի հետ,

2․ լեգիտիմացնել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանի ձեռքբերումները,

3․ ոչնչացնել Արցախի հայրենակիցների իրավունքների պաշտպանության հնարավորությունները։

Փաստն այն է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը ՀՀ-ին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է, որը մեր հասարակությանը ներկայացվում է իբրև խաղաղության պայմանագիր:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու, մեր առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու, իրական խաղաղության հասնելու մի ճանապարհ կա՝ ազատվել այս ոչ հայկական կառավարությունից,

ձևավորել ազգային իշխանություն, կառուցել նոր որակի ազգային, մրցունակ պետություն, որն ի վիճակի կլինի հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»,- գրել է Սաղաթելյանը: