Ադրբեջանական օրագիր․ քաղաքական փոփոխություննե...

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսը, խորհրդարանը, ամենայն հավանականությամբ կընդունի ինքնալուծարման մասին որոշում եւ գրությամբ կդիմի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ նոր ընտրություններ անցկացնելու համար։

Սա Միլլի Մեջլիսում, թերեւս նոյեմբերի 28-ից սկսված պրոցեսի տրամաբանական գագաթնակետը կլինի, իսկ ընդհանուր առմամբ, հերթական ու կարեւոր հանգրվանը Ադրբեջանի իշխանական համակարգում ընթացող թարմացումների եւ վարեձեւումների։ Անցյալ շաբաթը բավական հագեցած էր քաղաքական առումով Բաքվի համար։

Չկար օր, որ փոփոխություն չարվեր իշխող վարչակարգում։ Այս պահի դրությամբ, գրեթե ամբողջովին փոխված են նախագահի աշխատակազմի խորհրդականներն ու օգնականները, որոնք անմիջականորեն աշխատում են նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նույնությամբ սակայն, պահպանվել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի գրասենյակը։

Ավելին, Մեհրիբան Ալիեւայի օգնականը այժմ դարձել է Իլհամ Ալիեւի օգնականը։ Անցյալ շաբաթ Ադրբեջանն ունեցավ նոր ՄԻՊ ի դեմս Սաբինա Ալիեւայի, ով պարզվում է, իշխող «Յենի Ազերբեյջան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի՝ Սիյավուշ Նովրուզովի կինն է։

Բաքվի քարոզչամեքենան ներկայումս քաղաքական այս փոփոխությունները ներկայացնում է ընդհանուր բարեփոխումների համատեքստում, պատճառաբանելով, որ կադրային թարմացումների հարցը նաեւ բնականորեն հասունացած խնդիր էր, քանի որ մեծ մասը առանցքային պաշտոնյաների, արդեն 70-ը բոլորած մարդիկ էին, ու տարիքի բերումով դժվարանում էին զգալ ժամանակի զարկերակը։ Իրական պատճառները թերեւս հասկանալի են։

Ալիեւը փոխում է իր վարչակարգի դեմքը, դարձնում ավելի երիտասարդ, ինտերակտիվ, ժողովրդի հետ հետադարձ կապի առումով ավելի զգայուն ու արձագանքող, այդպիսով փորձելով հասարակությանը հույսեր ներշնչել, որ եղած խնդիրները նոր թիմը կկարողանա լուծել։ Իսկ դրանք քիչ չեն՝ սոցիալ-տնտեսականից մինչեւ ֆինանսա-բանկային համակարգ։

Այս ամենի համատեքստում, իհարկե, հետաքրքրականը առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի համար նախատեսված դերակատարումն է, ով, ըստ ադրբեջանական վերլուծաբանների, թեեւ «առաջինը չէ, որպես պետության դեմք, սակայն այլեւս երկրորդն էլ չէ»՝ հատկապես Պուտինի եւ Մեդվեդեւի մոտ ընդունելության արժանանալուց հետո, ինչը ֆիքսել էր նաեւ Իլհամ Ալիեւը ՌԴ ԶՈՒ ԳՇ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։