Աբովյանի քաղաքապետի ընտրության արդյունքը կեղծ...

Անցնող կիրակի Աբովյան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմի թեկնածուն պարտվեց քաղաքապետի ընտրություններում։ Քաղաքապետ դարձավ գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը։ 

Այս պարտությունից հետո իշխանությունները ամեն կերպ փորձեցին այն ներկայացնել որպես սովորական իրադարձություն։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը․«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է»։

Իհարկե, կարելի էր հավատալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, բայց իրականում իշխանությունները կեղծում են Աբովյանի քաղաքապետի ընտրությունը։ Եթե իշխանությունների համար Աբովյանի քաղաքապետի ընտրությունը մի սովորական իրադարձություն էր, ապա ինչու էր նախընտրական քարոզարշավը ղեկավարում անձամբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչու՞ էր վարչապետ Փաշինյանը մասնակցում քարոզարշավին, ինչու՞ էին ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ընտրություններից մեկ օր առաջ գործեր հարուցում, որը մարզպետը փորձում էր վերագրել գործող քաղաքապետին։ Ինչու՞ էր ոստիկանությունը ընտրության օրը իրեն այդքան ագրեսիվ պահում և բերման ենթարկում միայն Վահագն Գևորգյանի թիմակիցներին։

Իրականությունն այն է, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործեցին, որ հաղթեն Աբովյան քաղաքում։ Հաղթանակից հետո այդ արդյունքները իրենց ձեռքի տակ եղած լրատվամիջոցներով ներկայացվելու էին որպես վստահության քվե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Վերջին շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերը շատ են խոսում վարչապետի վարկանիշի անկման մասին, իսկ դատարանների մուտքերի շրջափակմանը դուրս եկած 1100 քաղաքացիները ապացուցեցին, որ Փաշինյանը այլևս նախկին վարկանիշը չունի։

Աբովյանի քաղաքապետի ընտրությունը պետք է լիներ այն խաղաքարտը, որով Փաշինյանը կրկին պետք է սպառնար իր ընդդիմախոսներին, ինչպես դա արեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Հիմա, սակայն, իրավիճակն այլ է՝ իշխանությունները ստիպված են համոզել ընդդիմախոսներին, որ Աբովյանի ընտրությունները հաշիվ չեն, ու չպետք է դրանք դիտարկել որպես անվստահության քվե նոր իշխանություներին։ Բայց արդեն ուշ է. բոլորն էլ հասկացել են՝ ինչն ինչոց է։