Մինչ ընդդիմադիրները շարունակում են դժգոհել, որ երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ և պատերազմի հետևանքով դրանք բազմապատկվել են՝ կյանքը շարունակում է առաջ գնալ ու ամրապնդվում են իշխանական ընտանիքի անդամների ֆինանսական հնարավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին, օրինակ, պատգամավոր դառնալուց հետո էական դրական տեղաշարժ է արձանագրել իր կյանքում։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա և 2 000 000 դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է ևս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS և ISUZU AXIOM 3.5 I։
Պատգամավորը հարկային տարվա ընթացքում (2020) գնել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, որն արժեցել է 12 500 000 դրամ։ Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ լրատվամիջոցները գրեցին առանձնատան ձեռքբերման մասին՝ Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ այն ձեռք է բերել վարկով․ «20 հազար դոլար բանկից վարկ եմ վերցրել, 5 հազար դոլար խնայած միջոցներ ունեի, տվել եմ կանխավճար»,-ասել էր Հակոբյանը։
Ըստ ներկայացված հայտարարագրի, Հրաչյա Հակոբյանը 2020 թվականին Ամերիա Բանկից երկու անգամ վարկ է ստացել՝ մեկը 20 000 դոլարի, մյուսը 4 մլն դրամի չափով։ Նույն տարում ԱԺ-ից Հրաչյա Հակոբյանը ստացել է ավելի քան 7 մլն 800 հազար դրամ աշխատավարձ։
Նկատենք, որ ըստ հայտարարագրի պատգամավորը ունի նաև երկու բնակարան և երկու հողամաս։ Հետաքրքիր է, որ 2018 թվականի հայտարարագրում Հրաչյա Հակոբյանը միայն մեկ հողմասն է նշել հայտարարագրում, այն դեպքում, երբ 2020 թվականի հայտարարգում նշվել է, որ հողամասերից մեկը ձեռք է բերել 2005 թվականի մարտի 29-ին, իսկ մյուսը նույն տարվա ապրիլի 2-ին։
2020 թվականին Հրաչյա Հակոբյանը ձեռք է բերել նաև նոր մեքենա՝ HONDA CR-V 2.4 I, որն արժեցել է 7 500 000 դրամ։