120 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցերի բարելավմա...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ պետբյուջեով նախատեսվում է շուրջ 120 միլիարդ դրամ ուղղել ճանապարհային ցանցերի բարելավման համար։ Ըստ նախարարի՝ գումարի հիմնական մասը՝ 103,8 միլիարդ դրամ, հատկացվելու է կապիտալ ծախսերի համար․

«Մասնավորապես, խոշոր հատկացումներ կան Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի մասով՝ 2024թ․ համար նախատեսված է 42,5 միլիարդ դրամ։ Հիմա շինարարության փուլում է Լանջիկ-Գյումրի հատվածը, որտեղ աշխատանքների մեծ մասն այս տարի կավարտվի, կմնան ճանապարհի կահավորման աշխատանքները։

Աշտարակ-Թալին երկու ճանապարհահատվածից մեկը շինարարության փուլում է, մյուսի մասով վերջերս պայմանագիր կնքեցինք, և այն առաջիկայում կմտնի շինարարության փուլ։

Այդ երկու ճանապարհահատվածի համար 2024թ․ բյուջեով գումարներ են նախատեսվում։

Շինարարության փուլ կմտնի նաև Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածը։ Մյուս տարածքների ուսումնասիրությունների կամ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար նույնպես որոշակի գումարներ են նախատեսված։ Մասնավորապես, Գյումրու շրջանցիկ ճանապարհի, Քաջարանի թունելի և Սիսիան-Քաջարան հատվածի համար»,- մանրամասնել է Գնել Սանոսյանը։