Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումներին մշտապես պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Նախարարը հստակ ցուցումներ է տվել բոլոր մակարդակների հրամանատարներին եւ ղեկավարներին մշտական հսկողություն սահմանել թշնամու գործողությունների նկատմամբ, վճռական պատասխան տալ նրա հնարավոր սադրանքներին եւ ցանկացած պահի պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններ սկսելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելին, նախարարը նշել է, որ «բոլոր պլանային զորավարժություններն ուղղված են լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնելուն»:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է համապատասխան պաշտոնյաներին ավելացնել վարժանքների ինտենսիվությունը, հատկապես գիշերային ժամերին, հնարավորինս ռազմական պայմաններում եւ տեղանքում, բարձրացնել զինծառայողների մարտունակության մակարդակը եւ ստորաբաժանումների անվտանգությունը,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության տվյալների՝ նիստին մասնակցել են պաշտպանության փոխնախարարը, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների եւ ծառայությունների ղեկավարները: