Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ամբիոնից ելույթ է ունեցել և ասել, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը կանգնի Տավուշի կողքին: Իշխանությանն էլ զգուշացերել է, որ նման քայլի չգնա, հատվածական սահմանազատում չիրականացվի: «Ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի:
Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: Գառնիկ Դանիելյանի խոսքով` Տավուշը պայքարեց, մաքառեց, ցույց տվեց, թե ինչքան շատ է սիրում իր հայրենիքը: