Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտի...

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնակալման արարողությանը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ ճիշտ եմ համարում չմասնակցել այդ արարողությանը: Իմ խորհուրդն է չանել դա, և ես կարծում եմ, որ անդամ երկրների մեծ մասի ներկայացուցիչները չեն գնա երդմնակալությանը։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը մեղավոր է ճանաչվել Միջազգային քրեական դատարանի կողմից», - հայտարարել է Բորելը մայիսի 7-ին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների միջև քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ, և եթե այո, ապա ինչ մակարդակով՝ դեսպանների, թե գործերի հավատարմատարների։

«Բայց ինձ համար դիրքորոշումը պարզ էր: Ուկրաինացիների և աշխարհի բազմաթիվ մարդկանց համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք մենք մասնակցում Պուտինի երդմնակալությանը՝ մի մարդու, որը դատապարտված է Միջազգային քրեական դատարանի կողմից, որը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, մի մարդու, որի ընտրվելը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չի եղել, իսկ ընտրություններն` արդարացի: Դա ակնհայտ հակասություն կլիներ», - պարզաբանել է Բորելը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը «լիովին ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ մասնակցել, թե չմասնակցել արարողությանը»: