ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բա...

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են չինական առանձին բանկեր անջատել համաշխարհային ֆինանսական համակարգից` սահմանափակելու Պեկինի ենթադրյալ աջակցությունը ռուսական ռազմական արտադրությանը: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրների։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք պնդում են, որ չինական բանկերի դեմ պատժամիջոցների սահմանումը դիտարկվում է այն դեպքում, եթե դիվանագիտական ​​փորձերը չկարողանան համոզել Չինաստանին` սահմանափակելու կրկնակի և ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան:

Չինաստանի բանկերին դոլարի հասանելիությունից զրկելը նշվել է որպես ծայրահեղ միջոց, քանի որ նման պատժամիջոցները հաճախ հանգեցնում են վարկային կազմակերպությունների սնանկացման, նշում է WSJ-ն։ Ըստ հրապարակման՝ այս միջոցն իրենից առանձնահատուկ ռիսկ կներկայացնի Չինաստանի համար` տնտեսության դանդաղ վերականգնման և աճող պարտքի ֆոնին:

Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Թուրքիայի մի քանի բանկեր մարտին խստացրել են պատժամիջոցների պահպանման պահանջները, ինչն, ըստ Reuters-ի, հանգեցրել է Մոսկվա դրամական փոխանցումների ուշացումների կամ դրանցից հրաժարման: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի սահմանափակումները կարող են ուժեղ կողմնակի ազդեցություն ունենալ, ընդգծում է գործակալությունը։