Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պա...

Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և խոստովանական բացատրություն տվել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

«Մայիսի 16-ին, ժամը 13.23-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արհեստավորների փողոցի տներից մեկը՝ ծանր հիվանդին բուժօգնություն ցույց տալու, որտեղ նրա հարազատը խփել է բժշկի գլխին: Ժամը 13.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գուվ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել շտապօգնության բժիշկը: Նա հայտնել է, որ կանչով մեկնել է Արհեստավորների փողոցի տներից մեկը, որտեղ բուժօգնություն ցուցաբերելիս հիվանդի հարազատը լինգով մի քանի անգամ խփել է իրեն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է 49-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: