Զոհրաբ Մնացականյանն ու Ստանիսլավ Զասն անդրադա...

Փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։ Ընդգծելով ՀԱՊԿ կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման հարցում կենսական նշանակություն ունի անդամ-պետությունների միջև սերտ փոխգործակցությունը՝ ՀԱՊԿ առջև ծառացած խնդիրները միասնաբար հասցեագրելու և մարտահրավերները լուծելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։