Զոհրաբ Մնացականյանի մտահոգիչ հայտարարությունն...

Մայիսի 12-ին տեղի ունեցած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ, որը տեղի ունեցավ տեսակոնֆերանսային ֆորմատով, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Ու թեեւ այդ անդրադարձը եղել է արձագանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, սակայն այնուհանդերձ, կարեւոր է այնքանով, որ հիմնականում պարունակում է այն հիմնական թեզերը, որոնք այս ընթացքում փորձում է առաջ մղել հայկական կողմը։

Նախարար Մնացականյանը մասնավորապես ասել է․ «Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են:

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»։

Առաջին հայացքից այս հայտարարությունը իր բովանդակային կամ թեզիսային մասով բավական հաջողված է եւ բալանսավորված, քանի որ բացառում է ուժի կամ դրա կիրառման սպառնալիքը, կարգավորումը հնարավոր համարում փոխզիջումների ճանապարհով, իսկ փոխզիջումներն էլ հնարավոր համարում, եթե համադրելի են միմյանց, այսինքն՝ համարժեք են։ Այլ խոսքով ասած, բացառում է կարգավորման մեջ հաղթող եւ պարտվող կողմ հասկացությունը։

Սակայն երբ այս հայտարարության թեզերը միացնում ենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Գոնչարովյան ակումբում Ղարաբաղյան կարգավորման թեմայով արած հայտնի հայտարարություններին փուլային կարգավորման եւ այդ համատեքստում, որպես առաջին հանգրվան տարածքների հանձնման եւ ապաշրջափակման մասին, ապա ամեն ինչ բավական դառնում է մտահոգիչ, քանի որ նախ փուլային տարբերակն ինքնին չի ենթադրում համաժամանակայնություն եւ համարժեքություն, իսկ փաթեթայինն օրինակ դա ենթադրում է։

Բացի այդ, անհասկանալի է մնում, թե ինչ կրիտերիաներ են սահմանվում համարժեքությունը կշռելու համար։ Օրինակ՝ հայկական զորքերի դուրս բերումը խաղաղապահների տեղակայման դիմաց համարժեք են թե ոչ, կամ խաղաղապահների տեղակայումը որպես անվտանգության միջազգային երաշխիք համարժեք են իրար թե ոչ։ Կամ ԼՂ կարգավիճակի դիմաց համարժեք զիջումը որը կարող է համարվել։ Իրականում, Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը այ այսպիսի բազմաթիվ խութեր է պարունակում իր մեջ եւ դուռ բացում տարատեսակ մանեւրումների համար։ Այլ է հարցը, եթե Երեւանը սահմանի իր համար, թե ինչ է հասկանում օրինակ փոխզիջումային համադրելիություն ասելիս։