«Ժողովուրդ»․ Վարչապետը 2 օր ունի ոստիկանապետ...

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդամենը երկու օր ժամանակ ունի ՀՀ ոստիկանապետ և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու համար:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին:

Այսինքն՝ երկու օրից կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: Ստացվում է՝ վարչապետին կողմնորոշվելու համար երկու օր է մնացել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է:

Նկատենք, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները և այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն: Եվ տեղեկությունների համաձայն՝ նա այս ընթացքում փորձում էր ոչ միայն հարմար թեկնածուներ փնտրել, այլ նաև հետևում էր նրանց աշխատանքին: Եվ, ահա, արդյունքը եղավ այն, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կվերանշանակվի: ՀՀ ոստիկանապետի մասով դեռ հստակ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։