«Ժողովուրդ». Նոր կրքեր՝ քաղաքապետարանում․ որտ...

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի ներսում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին արձակուրդում է: Եվ մինչ քաղաքապետի թիմակիցները եւ այն մարդիկ, որոնք Մարությանին առաջադրել են Երեւանի քաղաքապետի պաշտոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լծված են սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի քարոզարշավի գործին, քաղաքապետը որոշել է կարճատեւ արձակուրդի մեկնել Չեխիա՝ աներոջ մոտ:

Սակայն հետաքրքիր է, որ քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու հանգամանքը հայտնի չէր, քանի դեռ չէր հրապարակվել ավագանու նիստ գումարելու մասին որոշումը, որը ստորագրել է այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչով է պայմանավորված քաղաքապետի արձակուրդը: Պարզվեց` Կարապետյանը եւս գտնվում է արձակուրդում, բայց պատասխանեց. «Արձակուրդը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»: Սակայն նա հրաժարվեց ասել, թե որտեղ է իր արձակուրդն անցկացնում Հայկ Մարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանում իրավիճակը հանգիստ չէ, եւ անգամ ներսում չեն բացառում, որ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայկ Մարությանը լքի իր պաշտոնը: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անթաքույց ամբողջ կազմով չի մասնակցում ավագանու նիստերին, շատերն էլ կեսից հեռանում են` ցույց տալով իրենց վերաբերմունքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում