«Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիր...

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Եվ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային և ելքային զանգերը՝ հասկանալու համար, թե ով, երբ, ինչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն և տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում և այլ մանրամասներ:

Եվ մեկ հետաքրքիր տեղեկություն ևս. Կուտոյանը Սբ. Էդմունդի քոլեջում իրավագիտություն էր սովորում «Cambridge Trust» կրթաթոշակով: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։