«Ժողովուրդ». Ինչո՞ւ չընտրվեց ԲԴԽ անդամի՝ իշխո...

«Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանն անհրաժեշտ ձայներ չստացավ ընտրվելու համար: Իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստացավ 66 կողմ և 19 դեմ ձայներ և այսպիսով չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր: 

Իշխանական պատգամավորներն այս փաստը մեկնաբանում են իրենց խմբակցության մեծ թվով բացականերով, ինչի պատճառը գործուղումն է: Սակայն ընդգծենք, որ առավոտյան գրանցված է եղել 103 պատգամավոր, և «Իմ քայլը» խմբակցությունում եղել են այնպիսի պատգամավորներ, որոնք առավոտյան գրանցված են եղել, սակայն քվեարկությանը չեն եկել: 

«Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ քվեարկությանը զուգահեռ «Իմ քայլ»-ի պատգամավորներն անընդհատ զանգերի մեջ են եղել, փորձել են առավոտյան բոլոր գրանցված պատգամավորներին գտնել և բերել քվեարկության, սակայն չի հաջողվել: 

Բանն այն է, որ այդ ամենի պատասխանատուն իրականում Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է, և հենց նրա վրա է դրված եղել քվեարկությունը պատշաճ կազմակերպելու պարտականությունը: 

Շատ պատգամավորների քվեարկության այլ ժամ է ասվել, հետո փոխվել է: Մի շարք օրենս­դիրներ տարբեր հանդիպումների են եղել և չեն հասցրել գալ մինչ քվեարկության ավարտը: 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց քվե­արկությունից անմիջապես հետո մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց Վահագն Հովակիմյանից, պարզել, թե ին­չու չի ստացվել գործընթացը պատշաճ կազմակերպել: Սակայն գնալով պատգամավորի աշխատասենյակ՝ հայտնաբերեցինք, որ շենքից արդեն դուրս է եկել, իսկ դրանից հետո նրան ուղղված զանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: