«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Եվ ՍԴ դատավորներն այս օրենքի ընդունումից հետո երկու ամիս ժամանակ ունեն դիմում գրելու եւ գնալու վաղ կենսաթոշակի:
Սակայն հունվարի 20-ի դրությամբ ոչ մի դատավոր այդպիսի դիմում չի ներկայացրել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորներից ոչ ոք այդպիսի մտադրություն չի ունեցել եւ այժմ էլ չունի: Այսինքն՝մինչեւ այս ամսվա վերջ ոչ մի դիմում չի լինելու:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչ կլինի, եթե մինչեւ այդ ժամկետը ոչ մի դիմում չլինի: «Այն կհամարվի իրացված դրույթ եւ այլեւս չի կիրառվի: Օրենքը կդադարի գործել»,- նշեց նա:
Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներին, եւ հատկապես՝ Հրայր Թովմասյանին տուն ուղարկելու ցանկությունն ու ծրագիրը չիրագործվեց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: