«Ժողովուրդ». Ապրիլյան հանձնաժողովի անդամներն...

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ հանձնաժողով ներկայանալու մասին։ Հենց նրա հայտարարությունից հետո երեկ հանձնաժողովի անդամները որոշել են հավաքվել: Մասնավորապես, նրանք այսօր հարցեր ու պլան են մշակել Սարգսյանին քննելու համար:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին անգամ իր թիմի անդամները տեղյակ չեն, ու երեկ բոլորի համար անակնկալ է եղել նրա որոշումը: Մենք տեղեկացանք, որ հանձնաժողովը քննարկում է այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը:

Քննիչ հանձնաժողովին չի հաջողվել Խաչատուրովից մինչ օրս որևէ բան պարզել, և որոշել են իրենց հարցերը գրավոր ուղարկել՝ խնդրելով այդ տարբերակով գոնե պատասխանել։ Կպատասխանի Խաչատուրովը, թե ոչ, ժամանակը ցույց կտա, քանի որ նախկին պաշտոնյան պարտավորություն չունի ԱԺ ներկայանալու և հարցերին պատասխանելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: