Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել բ...

«Ժառանգություն» կուսակցությունը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտին, հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։

«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:

Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:

Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:

«Ժառանգությունը»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»: