«Ժամանակ». Ներդրումների մասին ներկայացվող թվե...

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քննարկվում է ներդրումային 83 ծրագիր, ընդհանուր 3,3 միլիարդ դոլար ծավալով, որից 800 միլիոն դոլարի առնչությամբ արդեն կան արված որոշակի քայլեր: Նախարարի այդ հայտարարությունը բավականին հիշեցնում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներդրումային հաշվետվությունները, որը ևս խոսում էր միլիարդների ծրագրերից: Սակայն երբ գալիս է այդ ամենի վերաբերյալ առարկայական հարցերի հերթը, պարզվում է, որ կոնկրետ պատասխանները կամ ցույց տալու գործերը այդքան էլ շատ չեն:

Այստեղ փաստացի աշխատում է քարոզչական կամ տեղեկատվական ավանդական տրամաբանությունը, ըստ որի՝ կարևոր է դիտվում քաղաքացիներին հնչեղ թվեր մատուցելը, միլիարդներից խոսելը: Արդյո՞ք 3,3-ի մեջ կան այն միլիարդներից կամ այն թվերից, որոնց մասին նաև Կարեն Կարապետյանն էր խոսում, թե՞ այս դեպքում գործ ունենք բոլորովին նոր մտադրությունների կամ գաղափարների հետ: Բայց, մեծ հաշվով, դա էական չէ, որովհետև փաստացի մատուցման տրամաբանության մեջ խնդիրը, ըստ էության, Կարեն Կարապետյանի և նախկին համակարգի «միլիարդների» տրամաբանության մեջ է:

Ինչ խոսք, հաշվի առնելով նաև այն, որ հակառակ կողմում էլ հենց այդ նախկին համակարգի եթե ոչ արդեն շատ կոնկրետ միլիարդների, ապա առնվազն կոնկրետ միլիոնների միջոցով դաշտը լցրած, հեղեղված է մտացածին քննադատությամբ և նենգափոխված տեղեկատվությամբ, հասկանալի է դառնում թեկուզ արագ և հռչակագրային էֆեկտի վրա կառուցված հակազդման անհրաժեշտությունը, սակայն դա գործնականում երկարատև ռեսուրս չէ: Առաջին հերթին նաև այն պատճառով, որ նախկին իշխանությունն այդ ռեսուրսն էլ սպառել է, այսինքն՝ սպառվել է անգամ «ավանդական» տեղեկատվական քաղաքականության և մոտեցումների ռեսուրսը:

Այդ իմաստով, ներկայումս հանրության վրա ավելի մեծ ազդեցություն կթողնի և դրական սպասումների ձևավորման կբերի տնտեսական քաղաքականության մի որևէ կանոնային փոփոխություն, քան որևէ հռչակագրային միլիարդի մասին խոսակցություն: Միլիոնների կամ միլիարդի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ դրանք կոնկրետանում են, առարկայանում: Եվ հենց դրանց կոնկրետացման ու առարկայացման համար պետք է խոսել շատ հստակ կանոնային փոփոխությունների, տնտեսական գործունեության համար շահեկան դաշտն ընդլայնող օրենսդրական նախաձեռնությունների և իհարկե՝ հարկային ռեֆորմի մասին:

Միլիարդները գործարար հանրությանը չեն ասում ոչինչ և ոչինչ չեն ասում միջին խավին: Դա գուցե առկա «լյումպենի» սպառման նյութ է: Սակայն ժամանակակից աշխարհում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը չեն կարող կայուն հիմնվել «լյումպեն» հանրության վրա և այդ հանրության վրա էլ ռեֆորմներ կառուցել: «Լյումպենը» ռեֆորմի ռիսկն է, խոչընդոտը, վտանգը, երբեմն թշնամին: Ռեֆորմացիայի շարժիչը կամ հենարանը արդիական հանրային շերտերն են: Իսկ նրանք սպառում են շատ կոնկրետ օրենսդրական քայլերը, ոչ թե «հռչակագրային միլիարդները»: Ըստ այդմ՝ նրանց հարցերն, օրինակ, հարկային օրենսդրության մասին է, որի շուրջ քննարկումները մի կողմից ուշանում են, մյուս կողմից՝ հանրությանն է մատուցվում Հարկային օրենսգրքի փոփոխության տարբերակ, որը, մեղմ ասած, սկզբունքորեն չի տարբերվում նախորդ իշխանության ընդունած օրենսգրքից, ընդ որում՝ դա մասնագետների գնահատմամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: