«Ժամանակ». Հայաստանը հաղթե՞ց, թե պարտվեց ՀԱՊԿ...

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում պաշտոնավարումը կսկսի 2020 թվականի հունվարի 1-ից: Այդպիսով, հանգուցալուծում կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը բացվեց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, երբ այդ պաշտոնին Հայաստանի քվոտայով նշանակված Յուրի Խաչատուրովի դեմ հարուցվեց քրեական գործ մարտիմեկյան դեպքերի առիթով, և Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին: Դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնաց թափուր, և առաջացավ արդեն բոլորիս հայտնի գործընթացը, որը դիմակայություն էր Հայաստանի և ՀԱՊԿ գործնականում մյուս անդամների կամ առնվազն երեք առաջատար անդամների՝ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի միջև:

Իհարկե, այս դիմակայությունն ուներ այլ վեկտորներ ևս՝ Բելառուս-Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան ընդդեմ Ռուսաստանի: Սակայն սեղանի վրա դրված խնդիրը շատ ավելի պարզ էր՝ Հայաստանը պահո՞ւմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան, և նշանակվո՞ւմ է նոր ներկայացուցիչ Հայաստանից, թե՞ քվոտան անցնում է Բելառուսին: Բելառուսն ու Ղազախստանն ակնհայտորեն գնում էին հենց երկրորդ տարբերակին ընդառաջ: Ռուսաստանն ավելի լայն ու հարաբերական էր խաղում: Հայաստանը պնդում էր, որ քվոտան պետք է պահպանվի:

Բանը հասավ այնտեղ, որ Ստանիսլավ Զասի թեկնածությունը Բելառուսը ներկայացրեց, այսպես ասած, սեպարատ քայլով, որը ընդունեցին բոլոր մայրաքաղաքները, Զասը նախորդ տարեվերջին անցավ բոլոր մայրաքաղաքներով, ստացավ հավանություն, սակայն Երևանը չընդունեց նրան:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի համար խորքային խնդիրը բոլորովին էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քվոտան չէ, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերությունների համակարգ է գործելու ֆորմալ ռազմա-քաղաքական բլոկում, որը ոչ ֆորմալ իմաստով բացարձակապես այդպիսին չէ, համենայնդեպս՝ անդամների Հայաստանի հանդեպ դիրքորոշումների առումով: Ավելին՝ Բելառուսը հենց այդ ընթացքում հեռահար հրթիռներ՝ «Պոլոնեզներ» վաճառեց Ադրբեջանին:

Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կարծես թե հանգուցալուծվում է, սակայն մնում է հարցը, թե արդյո՞ք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը:

Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երևանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաև Հայաստանի նոր ներկայացուցիչ, և փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա: Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ շահեց Ռուսաստանն այդ մի քանի ամիսների պաշտոնակատարությամբ, կամ ընդհանրապես ով ինչով է գործնականում շահում խորքային առումով:

Օրինակ՝ ի՞նչ տարբերություն կար սկզբունքորեն Հայաստանի համար, երբ Խաչատուրովն էր այդ պաշտոնին: Ոչ մի տարբերություն Բորդյուժայի ժամանակների համեմատ: Որովհետև խնդիրն անկասկած շատ ավելի խորքային է, և ՀԱՊԿ քաղաքականությունն անդամ պետությունների քաղաքականության հանրագումարն է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ֆունկցիոնալ աշխատանքի: Ըստ այդմ՝ հաղթանակ ունի Հայաստանը, թե ոչ, կարող է դրսևորվել միայն ՀԱՊԿ քաղաքական վարքագծի ձևով, այն դեպքերում, երբ Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը պետք է իր քաղաքական աջակցությունը ցուցաբերի Հայաստանի համար կարևոր անվտանգային հարցերում: Այս տեսանկյունից, Հայաստանը դեռևս չունի թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն: Սա տևական գործընթաց է, որը Հայաստանը բարձրաձայնել է թավշյա հեղափոխությունից հետո, որում, սակայն, առայժմ ակնհայտ է միայն ՀԱՊԿ մյուս անդամների դիմադրությունը՝ ոչ թե գլխավոր քարտուղարի, այլ քաղաքական ուղեգծի, վարքագծի հարցում:

Հայաստանի համար շատ կարևոր է պահել դիրքերն ու սկզբունքային հարցադրումները: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ խնդիրը այդ իմաստով առանցքային իմաստ է ստանում վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որոնց ավելի լայն անատոմիան ներկայացրեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում՝ ակնարկելով նաև «դավադիր պատերազմի» ռիսկերի կամ առնվազն ձգտումների մասին, որ, ըստ նրա, կարող են ունենալ նախկին իշխանության որոշակի խմբեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: