Զենքերի գնման գործընթացը շարունակվում է. Արծր...

Հայաստանը ունի զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ, որը շարունակվում է, այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն եղել է զնեք-զինամթերքի գնման վերաբերյալ.

«Զենքի գնման գործընթացը բավականին բարդ գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք շարունակել և մեծացնել տեսականին, հարստացնել զինանոցը ոչ փոքր մարտավարական նշանակություն ունեցող այլ տեսականիներով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը»։

Նա հրաժարվեց գործընթացի մասին մանրամասներ հայտնել՝ նշելով, թե ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի.

«Ամեն ինչ վայրկենական չի լինում, մեր ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի եղել. Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, կառավարությունում լինում են քննարկումներ, որոնք պարտադիր չէ բոլորն իմանաք։ Որոշվում է տեսականին, գներ և այլն։ Դա միջպետական բավականին բարդ գործընթաց է»։