Զելենսկին ներում է շնորհել 12 ռուս բանտարկյալ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներում է շնորհել 12 ռուսաստանցիների, որոնք ազատազրկում էին կրում Ուկրաինայում։ Ներման հրամանագրի մասին տեղեկացրել է ուկրաինացի փաստաբաններից մեկը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն նախկին դատապարտյալները տեղափոխվում են փոխանակման վայր։

Ռուսական կողմում այսօր նույնպես պատրաստվում են ուկրաինացիների ազատմանը։ Պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում արդեն հայտարարվել է, որ  փոխանակման համար ուկրաինացիներին տեղափոխում են»։ Սակայն նրանց կոնկրետ քանակ չի նշվել։

«Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ փոխանակումը լինելու է «35-ը 35-ի դիմաց»։ 35 ուկրաինացիների թվում պետք է լինեն նաև 24 նավաստիները, որոնց ռուսական կողմը ձերբակալել է Կերչի նեղուցում։

Սակայն հընթացս այդ ցուցակներում կատարվել են փոփոխություններ։ Այս պահին արդեն իսկ հայտնի է, որ ուկրաինական կողմը, մասնավորապես, ներման ցուցակից հանել է ռուսաստանցի Ռուսլան Գաջիևին։ Վերջինս Ուկրաինայի արևելքում մղվող մարտերի ժամանակ գերի էր ընկել 2015 թվականին ու դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։