Յուրաքանչյուրը պետք է որդեգրի այս բանաձևը՝ «Հ...

Վարչապետ Փաշինյանի ամփոփիչ ելույթը Ազգային Ժողովում

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
հարգելի՛ պատգամավորներ,
կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,

ավարտում ենք Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել շահագրգիռ քննարկումների համար և ասել, որ այդ քննարկումների արդյունքում շարունակում եմ մնալ իմ այն տեսակետին, որ 2020թ. պետական բյուջեն այո՛, հեղափոխական է: Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է՝ 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել: Սրանով, ուզում եմ արձանագրել, որ մենք 2020թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում և որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ: Եվ այդ փուլի իմաստը, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ:

Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու մասին: Եվ որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ, ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից և, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի էլ նշանակում, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող չունենալ պարտավորություն: Ինչպես հարցուպատասխանի ընթացքում ասել եմ, մենք ամեն տնակի պատմությունն արդեն իսկ ձևավորել ենք և ամեն տնակի նկատմամբ կլինի անհատական մոտեցում: Դա այսօր Գյումրիի՝ որպես տնտեսապես և քաղաքաշինական առումով զարգացած քաղաքի պոտենցիալը խոչընդոտող թիվ 1 գործոնն է: Այնպես որ իսկապես նոր փուլ է բացվում 1988թ. երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում:

Գիտեք, քննարկումների արդյունքում մեկ-երկու դրվագ կա, որոնք հնչեցվել են, որոնց ես ուզում եմ անդրադառնալ: Մի քանի անգամ խոսվել է պաշտպանությանը հատկացվող գումարների և միջոցառումների մասին: Իհարկե սա այն թեման է, որի մասին հասկանալիորեն մենք չենք կարող շատ բաց խոսել, բայց ուզում եմ ասել, որ 2018 թ. ի վեր, ներառյալ 2020թ. բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28 տոկոս է: Բայց ես ուզում եմ մեկ նախադասություն ասել դժվարությամբ. կարող եք հավաստիանալ, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել, կրկին տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք, սպառազինություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ: Ուզում եմ ասել, որ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել են: Այս առումով 2020թ. բյուջեի կատարման և ընդհանրապես, տրամաբանությունը հասկանալու համար ես շատ կարևոր եմ համարում, որ մենք արձանագրենք, թե 2019 թ. ի վերջո տնտեսական առումով ի՞նչ է կատարվում ՀՀ-ում:

Տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7.5 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում, հետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է: Կլինեն առաջիկայում նաև եվրոպական տարածաշրջանի ցուցանիշները և մենք կարձանագրենք: Ընդ որում, արդյունաբերությունն աճել է 8.8 տոկոսով, երբ խոսվում է հանքարդյունաբերության մասին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մշակող արդյունաբերության աճը կազմել է 9.3 տոկոս, շինարարությունն աճել է 4.5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15.1 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 8.9 տոկոս, արտահանման աճը կազմել է 7.2 տոկոս, աշխաավարձերի աճը կազմել է 5.9 տոկոս:

Այս ամենի ֆոնին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կրկին համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճերից մեկը: Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են շուրջ 6 տոկոսով, ՀՀ-ում սննդամթերքն աճել է ընդամենը 0.1 տոկոսով: Ի՞նչ կապ ունի այս ամեն ինչի հետ կառավարությունը: Կապը շատ ուղիղ է. մենաշնորհների հաղթահարման առումով այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և աննախադեպ ցածր մակարդակի վրա: Ընդ որում, Հայաստան աշխարհը, եթե ոչ միակը, այն քիչ երկրներից է, որտեղ օրինակ այս սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնանկում է արձանագրվել: Ես չգիտեմ աշխարհում երկրորդ երկիրը դուք կարող եք գտնել, թե՝ ոչ: Ես ուզում եմ արձանագրել, որ սրանք ոչ թե լավ, սրանք շատ լավ ցուցանիշներ են, որոնք հասկանալիորեն փորձ է արվում կասկածի տակ դրնել մեր որոշ ընդդիմախոսների կողմից: Ընդ որում, պաշտոնապես հրապարակված այն թվերը, որոնք անկումներ են արձանագրում, շատ ոգևորությամբ հիշատակվում են մեր ընդդիմախոսների կողմից: Օրինակ, հունիս ամսին, երբ մենք ընդամենը 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, այդ 3 տոկոսը, 3.3 տոկոսը դարձել էր հակահեղափոխական դրոշ մեզ ու ձեզ հայտնի անձանց ձեռքին: Իսկ երբ խոսքը գնում է այդ նույն գործիքով, նույն տվյալներով արդեն աճ է արձանագրում, ասում են չէ, ընդ որում, հղում են անում այդ նույն վիճակագրության ուրիշ տողի վրա, հերքելու համար այն մյուս տողը: Սա հասկանալի տրամաբանություն չէ:

Բայց այստեղ հիշատակվեց, որ Հայատանի Հանրապետությունում միջազգային պահուստները 2019թ. հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա են, ընդ որում 2018թ. նույն ամսվա համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19 տոկոսով: Ընդ որում, սա վիճակագրական ցուցանիշ չէ, սա փող է, որ այնտեղ դրված է, կարող եք հանձնաժողով կազմել, գնալ, ստուգել:

Հաջորդը` ՀՀ կենտրոնական բանկը մեկ այլ աննախադեպ ցուցանիշ է արձանագրել: Այս տարի 521 մլն դոլար գնվել է ՀՀ-ում: Սա առանց այսպիսի տնտեսական ցուցանիշների ուղիղ վկայություն է, որովհետև 521 մլն դոլար ՀՀ-ում դարձվել է դրամ: Ի՞նչ են արել այդ փողը: Եթե բարձի տակ պիտի պահեին՝ դոլար կպահեին, ինչի են դրամ պահում, դրսից եկած կամ չէին գա ընդհանրապես: Այդ 521 մլն դոլարը ծախսվել է, օգտագործվել է, շրջանառվել է ՀՀ-ում: Դա տնտեսական արդյունք չի՞ ունեցել: Լավ, տնտեսական արդյունք չի ունեցել: ՀՀ-ի 2019թ. պետական բյուջեն գերակատարվում է 89 մլրդ դրամով: Եթե այս վիճակագրության տվյալները կեղծ են, սուտ են, այդ դեպքում այս թվերը որտեղի՞ց, սա էլ կոնկրետ փող է: Էլ չեմ խոսում այլ աննախադեպ ցուցանիշների մասին: ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30 ամյա ավելացված արժեքի հարկի գործարար հանրության ունցած պարտքը: 56 մլրդ դրամ մենք հատկացնում ենք, ընդ որում՝ հուսահատ պարտքին: Ասում են ներդրումային միջավայր, մարդը, որը հույս չի ունեցել, որ այդ փողը վաղուց գրել են սառույցին, մենք իրեն գտնում ենք, ասում ենք ՝ եղբայր կարո՞ղ է փող է պետք ձեզ կամ մենք պարտք ենք ձեզ, մենք չենք այդ պարտքը կուտակել՝ նախկին, նախկին, նախկին կառավարությունները, բայց մենք փակում ենք այդ պարտքը: Սա վիճակագրության տող չէ, սա կոնկրետ փող է, որ գնում է կոնկրետ մարդկանց: Աննախադեպ ծավալի՝ 330 կմ ասֆալտ է արվել, բա սա տնտեսական արդյունք չի՞ ունենում: Գնացեք շինարարության ոլորտի մարդիկ թող ասեն, այսօր բոլոր կազմակերպությունները ծանրաբեռնված են: Երբ ակնարկում ես, որ կարող է նոր պատվեր լինի, նոր տենդեր լինի, եկեք մասնակցեք՝ գույները գցում են, ճնշումները բարձրանում է, որովհետև այնքան գործ ունեն չգիտեն արդեն իսկ վերցրած գործերի տակից ոնց դուրս գան:

Ես նաև ուզում եմ խոսել, այսպես ասած, նեգատիվ ցուցանիշների մասին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության ոլորտում, այո, վիճակագրորեն ունենք անկում, բայց պետք է հասկանանք՝ ինչքանով այդ անկումը կապ ունի, օրինակ՝ նախկինում արձանագրված կեղծ մթերումների և արտահանումների հետ: Չգիտե՞ք դուք դրա մասին, որ կեղծ՝ իբր Հայաստանից խաղող են մթերել, հետո դրսից ինչ-որ կոնյակներ են բերել, որ ձևակերպեն հայկական կոնյակ և այլն: Մենք փակել ենք դրա ճանապարհը: Չգիտե՞ք, որ Թուրքիայից կամ այլ տեղերից լոլիկ, չգիտեմ ինչ են բերել հայկականի տակ ձևակերպել են, փակել ենք այդ ճանապարհը ու ճիշտ ենք արել: Բայց դրա արդյունքում մենք ի՞նչ ունենք: Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք արտահանման աճ: Պատրաստի սննդի արտահանման աճը կազմում է 14,9 տոկոս, բուսական ծագման արտադրանքի արտահանման աճը կազմում է 15,2 տոկոս: Ու ճիշտ ենք արել, որովհետև ներսի տնտեսությունը սկսել է աշխատել: Վարունգի արտահանման ցուցանիշն այս տարի աճել է 489 տոկոսով: Սրանք պրոցեսներ են, որոնք տեղի են ունենում մեր երկրում, և դրանք առողջացման պրոցեսներ են:

Այստեղ խոսվեց նաև օտարերկրա ներդրումների մասին: Իրականում, օտարերկրյա ներդրումներն ընդամենը կազմել են 2,2 մլրդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Հիմա, բավարարո՞ւմ է արդյոք մեզ 456 մլն դոլար օտարերկրյա ուղիղ ներդրումները՝ ո՛չ, չի բավավարում: Բայց կա՞ սրա հետ պրոցես կապված՝ իհարկե կա: Օտարերկրյա ներդրողը որ պետք է գա Հայաստան ի՞նչ է նայում՝ նայում է առաջինը «Մուդիսի» վարկանիշը, «Ֆիթչի» վարկանիշը, եվրաբոնդերի վարկանիշը: Բոլոր առումներով Հայաստանի վարկանիշն աճում է: Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա և երեկոյան ճամպրուկներով փողը բերի՞ Հայաստան: Հետևում են պրոցեսներին, և սա է, որ բերելու է օտարերկրյա ուղղակի ներդրում: Հիմա նաև այն մասին, որ այո՛, լավ է, բայց մենք ավելի լավ ենք ուզում: Իհարկե, ասվեց, որ մենք ավելի լավ ենք ուզում, բայց պետք է հասկանանք տրամաբանությունը:

Մենք հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացրել ենք. 2018 թ. համեմատ 353 մլրդ դրամ եկամուտ ենք ունեցել, 353 մլրդ դրամ 1,5 տարվա ընթացքում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին ենք մենք խոսում: Մենք էլ գոհ չենք սրանից: Բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք սանդուխք, որն ունի 100 աստիճան, որպեսզի մենք 100-րդ աստիճանին հասնենք պետք է անպայման անցնենք 1,2,3, 4,5,6, 7… լավ կարող ենք լոնքերով երկու-երկու, երեք- երեք թռնենք, հիմա մենք չորս ենք թռնում: Մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ, ոնց եք չորս թռնում 12 թռեք միանգամից: Չի կարող լինել այդպիսի բան: Ընդհանրապես որևէ մեկը չի կարող այդպիսի բան անել: Չնայած, անկեղծ ասեմ, մեզ դուր է գալիս, որ դուք մեզ ասում եք՝ 12 թռեք, 24 թռեք, մեզ դա դուր է գալիս: Տենց դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման:

Հիմա այս ամեն ինչն ինչի՞ համար եմ ասում: Այս ամեն ինչն ասում եմ վերադառնալու համար այս տարվա սկզբին և նախորդ տարվա վերջին այս դահլիճում տեղի ունեցած քննարկումներին: Ինչի՞ մասին են խոսում այս ցուցանիշները: Այս ցուցանիշները խոսում են մի շատ կարևոր բանի մասին՝ այն գաղափարախոսությունը, որ մենք դրել ենք Հայաստանի տնտեսական ռազմավարության հիմքում, հիշո՞ւմ եք խոսում էինք անհատական ջանի մասին: Այդ գաղափարախոսությունն աշխատում է, սա ուրիշ բանի մասին չի կարող վկայել: Այդ գաղափարախոսությունն աշխատում է: Եվ այո՛, այսօր Հայաստանում տնտեսական հաջողությունների հիմքում ընկած է այդ քաղաքական գաղափարախոսությունը՝ ներառական տնտեսության, որը պետք է զարգանա անհատական ջանքի միջոցով: Ես ուզում եմ ասել, որ այս ցուցանիշները չեմ ասում, չեմ բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը գործով գովելու համար: Ես այս ցուցանիշները բարձրաձայնում եմ ՀՀ քաղաքացուն գովերգելու համար, որ այս թվերը մենակ մի բան են նշանակում, որ նրանք անսացել են մեր կոչին, հավատացել են իրենց անհատական ջանքին: Նրանք ընդունել են այդ պատասխանատվությունը երկրի տնտեսական վիճակի համար: Նրանք հավատացել են կառավարությանը, ով ասել է, որ մենք չենք եկել այս կաբինետներում նստել, որ մենք հարստանանք, մենք եկել ենք այս կաբինետներում նստել, որ դուք հարստանաք, Հայաստանի Հանրապետությունը հարստանա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հարստանա: Նրանք հավատացել են, որ ասել ենք՝ հարստացեք և հարստացրեք, նրանք հավատացել են, որ ասել ենք՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, միայն աշխատանքով, ուրիշ տարբերակ չկա: Մնացած բոլոր մեթոդներն աղքատությունը միայն խորացնելու են: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր 2019 թ.-ի ընթացքում տնտեսական գործունեություն են սկսել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քարը քարի վրա են դրել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հսկիչ դրամարկղային կտրոն են տվել և հսկիչ դրամարկղային կտրոն են պահանջել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հաշիվ ապրանքագիր են գրել և հաշիվ ապրանքագիր են պահանջել:

Այդ նոր փուլի մեկնարկին այդ ՀԴՄ-ների թեման շատ արծարծվեց, դա ընկալվում է հանրության կողմից որոշակիորեն, բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հիմա էլ կենտրոնացնենք հաշիվ ապրանքագրերի վրա, որովհետև առևտրի հիմնական ծավալը տեղի է ունենում հենց հաշիվ ապրանքագրերով, ապրանքների բացթողնմանը և ընդունմանը: Ես կոչ եմ անում բոլորին՝ և՛ ապրանքներն ընդունողներին, և՛ բացթողողներին, չաշխատել առանց հաշիվ ապրանքագրերի, որովհետև էլի ուզում եմ ասել, որ պետությունից հարկ թաքցնող և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից: Գողանում է այն զինվորից, որն այսօր սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեզ բոլորիս այս դահլիճում բանավիճելու իրավունքը, որովհետև եթե նրանք այնտեղ կանգնած չլինեն՝ ընդդիմադիր, իշխանություն, ընդդիմություն, իշխանություն, քննադատություն, ամեն ինչ կդառնա անիմաստ: Հետևաբար, մի գողացեք մեր զինվորներից: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում սա ասել, որովհետև կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ չենք գողանում մենք պետական բյուջեից, ես չեմ գողանում ոչ մի լումա: Եվ ընդհակառակը, ասում եմ, այո, կկտրենք բոլոր այն ձեռքերն, ովքեր մեր երկրից, մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, մեր թոշակառուից, մեր ուսուցչից:

Ուսուցիչների թեմային մի անգամ անդրադարձել եմ, քանի որ ժամանակ կա՝ էլի ուզում եմ մի անգամ անդրադառնալ: 126 դպրոցների քրեական գործեր, որտեղ 222 մարդ այդ տնօրենների հետ որևէ կապով կապված, որոնք ձևակերպված են, բայց չեն գնացել աշխատանքի: Մենակ այս գործերով 350 մլն դրամի կարգի վնաս է հասցվել պետությանը: Այն որ մենք 10 տոկոս աշխատավարձ ենք բարձրացրել, և մեզ ասում էին, ճիշտ էին ասում, որ քիչ եք բարձրացրել աշխատավարձը: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ մենք նաև այդ գողացողների աշխատավարձն ենք բարձրացրել, հիմա քիչ է՞, թե՞ շատ: Շատ ենք բարձրացրել գողացողների աշխատավարձը: Հիմա պետք է բոլոր այս երևույթներըն արմատախիլ անենք, որպեսզի մեր բարձրացրածն էլ երևա: Չնայած տեղ-տեղ դա շատ լավ էլ երևում է, մասնավորապես՝ զինվորականների պարագայում շատ կոնկրետ, շատ շոշափելի, շատ տեսանելի աշխատավարձի բարձրացում: Բանակում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, ընդ որում այն ինչ-որ ասվել է մինչև հիմա՝ ես դրանց չեմ ուզում անդրադառնալ: Մինչև հիմա մեր զորամասերի հրամանատարները չեն ունեցել մի կոպեկի բյուջե, որ ենթադրենք այդ զորամասում մի հատ լամպ է վառվում, կամ մի հատ ծորակ է փչանում, մի կոպեկ բյուջե չեն ունեցել այդ հրամանատարները և ստիպված են եղել հազար ձևի եսիմ ինչեր անել, որ կարողանան այդ պրիմիտիվ ծախսերը հոգան: Այսօր մենք մեր հրամանատարներին ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար ենք տալիս և ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր զինվորական հրամանատարությունը կենտրոնանա իր գործի վրա՝ մարտական պատրաստություն, անվտանգություն և անվտանգության օպերատիվ վերահսկողություն:

Ուրիշ հեղափոխություն է տեղի ունեցել մշակույթի ոլորտում: Ընդհանուր առմամբ 700 մլն դրամով ավելացել է հետևյալ մշակութային կոլեկտիվների ֆինանսավորումը՝ Հայաստանի ազգային պետական երգչախումբ, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Պետական սիմֆոնիկ նվագախումբ, Կոմիտասի անվան ազգային քառյակ, Հայաստանի ազգային ջազ նվագախումբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոն, Տաղարան համույթ, Երևանի պետական կամերային երգչախումբ, Կամերային նվագախումբ, Կամերային երգչախումբ: Ի՞նչ է այս փոփոխությունները բերել: Սա բերել է, որ այս կոլեկտիվները 100 տոկոսով ֆինանսավորվում են պետական բյուջեից: Ի՞նչ է նշանակում սա գործնականում: Սա գործնականում նշանակում է, որ այդ կոլեկտիվները ոչ միայն ձեռք պարզածի կարգավիճակը կարող են հաղթահարել: Ես, օրինակ, շատ անկեղծ ասեմ՝ շատ տարիներ առաջ, երկար տարիների ընթացքում, ես ամեն անգամ չափազանց վիրավորված եմ զգացել ինձ, անձնապես, ես դա ընկալել եմ, որպես անձնական վիրավորանք: Երբ որևէ օլիգարխ մի կոմերցիոն օբյեկտ է բացել և ինչ է, թե այս կոլեկտիվներին ինչ-որ հովանավորչական գումար է տվել, տարել է, ստիպել է, կներեք արտահայտությանս համար, քյաբաբանոցների բացմանը մասնակցի, մի հատ էլ դիֆերամբային հարցացրույցներ տա, որ այս քյաքաբանոցը աշխարհի ամենահնարավոր, ամենաբարձր երևույթն է, որը մեր հարգելի բարերարը արել է, այս ի՞նչ է արել մեր բարերարը: Ես վիրավորված եմ զգացել: Եվ այս պետական բյուջեն, այո՛, սրանով է հեղափոխական, որ մեր մշակութային գործիչներին այս վիրավորանքից ազատել է, այս անհրաժեշտությունից ազատել է: Իհարկե, սա միջանկյալ լուծում է, որովհետև մենք պետք է նաև նայենք համաշխարհային փորձը, որպեսզի մշակույթի այլընտրանքային ֆինանսավորման արժանապատիվ ձևեր գտնենք: Որովհետև աշխարհի շատ հայտնի նվագախմբեր, մշակութային կոլեկտիվներ բյուջեից չեն ֆինանսավորվում: Այլ կա, այսպես ասած, բարեկամների խումբ, դասական երաժշտության և այլն, ովքեր ամեն տարի որոշակի մեխանիզմներով, դրամահավաքներով այս հարցը լուծում են՝ առանց մշակութային գործիչների արժանապատվությանը և այդպիսով նաև հեղինակությանը կպնելու և նվաստացնելու:

Հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա էր, որ ուզում էի ասել 2020 թ. -ի բյուջեի կապակցությամբ, բայց ամենակարևորը թողել էի վերջում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է.

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո՛ պատգամավորներ,
Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,

իրականում մեր գործերը լավ են, և սա ամենակարևոր նորությունն է: Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մեր գործերն ավելի են լավանալու: Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ և գուցե պատմական նշանակություն ունի: 2019 թ.-ին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարևան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: Իհարկե, մենք Վրաստանին և վրաց ժողովրդին լավագույնն ենք մաղթում և հույս ունենք, որ մենք տնտեսական համագործակցության խորացմամբ իրար կօգնենք ավելի մրցունակ, ավելի ուժեղ տնտեսություններ կառուցել և երկրներ կառուցել: Բայց կարևոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ.-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարևոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը: Եվ սա է տնտեսական հեղափոխության դրոշը: Եվ այս տնտեսական հեղափոխության դրոշը տանում է Հայաստանի Հանրապետության ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին, որին իմ անձնական ուղերձը, դեռ ընդդիմական ժամանակներից եղել է հետևյալը. երբ այն ժամանակ ասվում էր, որ մարդիկ չեն հավատում քաղաքական գործիչներին, մարդիկ չեն հավատում ընդդիմությանը, մարդիկ չեն հավատում իշխանությանը, իմ ուղերձը չի փոխվել: Եվ ես էլի շարունակում եմ ասել՝ սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր չէ՝ դուք հավատում եք իշխանությանը, թե չեք հավատում, կարևոր չէ՝ դուք հավատում եք ընդդիմությանը, թե չեք հավատում, կարևորն է, որ դուք հավատաք ինքերդ ձեզ, ձեր ուժին, ձեր տաղանդին, ձեր քաղաքացիությանը, մեր ընդհանուր հայրենիքին և մեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքին: Որովհետև մենք ապացուցել ենք այդ բանաձևի իրավացիությունը, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է: Ես կոչ եմ անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ընդհանրապես հայությունը, 2020 թ.-ին առավել հետևողական գործի հետևյալ բանաձևով՝ ես սա մեջբերում եմ, յուրաքանչյուրը ինքը իր համար պետք է ասի, հանկարծ այլ մեկնաբանություն չտրվի: Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար և բնականաբար ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ:

Շնորհակալ եմ: