Ըստ երևույթին՝ վարչապետը կասկածներ է ունեցել,...

«Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ Արթուր Վանեցյանն ինքնուրույն քաղաքական խաղ է սկսել և ինֆորմացիա  տրամադրել նախկին իշխանության ներկայացուցիչներին, որովհետև նա իր հարցազրույցի մեկ այլ հատվածում նշեց, որ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկացել է, որ մի գործով հետաքննությունն իրեն է մոտենում, և շատ հնարավոր է՝  նա հայտնվի մեղադրյալի աթոռին»,- ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին Politik.am-ի հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Վարդանյանի կարծիքով՝ Վանեցյանի գործունեության հետ կապված որոշակի կասկածներ են առաջացել, կամ միգուցե վարչապետի կողմից տրված որոշ առաջադրանքեր պատշաճ չեն կատարվել: 

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ իշխանության հետ հարաբերությունների մասին հայտարարությանը, թե մենք գիտենք դրանք ոնց են և ոնց կշարունակենեք, և դիտարկելով վարչապետի ասածը, ըստ որի՝  Արթուր Վանեցյանի հետ քննարկել են հետագա համագործացության մասին, քաղաքագետից հետաքրքրվեցինք՝  արդյո՞ք չի բացառում, որ ԱԱԾ նախկին պետը կարող է այլ պաշտոն զբաղեցնել.

«Վանեցյանն իր հայտարարությամբ ինքն իրեն պաշտպանում է հետագա զարգացումների համար, որպեսզի հետագայում, եթե նա ցանկանա քաղաքականություն մտնել, ասի, որ ինքն ընդվզել է համակարգի և Նիկոլ Փաշինայնի իշխանության դեմ: Իր հայտարաությունը հենց այս մեսիջն էր պարունակում: Պատահական չէ, որ նախորդ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դա համարեցին որպես համակարգի ներսում ընդզում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Հավանաբար մյուս կողմից էլ Վանեցյանը չի ուզում ամբողջովին կապերը խզել գործող իշխանության հետ և ցանկանում է հետագայում այս կամ այն կերպ քաղաքականություն վերադառնալ մեկ այլ պաշտոնի: Այնպես որ, նա երկու տարբերակներն էլ պատրաստել է իր համար»,- ընդգծեց Արմեն Վարդանյանը: