Ընտանեկան դրամա, որը կարող է վերաճել բազմակող...

Արաբագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Վերջին օրերին միջազգային մամուլի թոփ-թեմաներից մեկը Դուբայի արքայական ընտանիքում տեղ գտած դրամատիկ իրադարձություններն են: Առանց հստակ ժամկետների նշման, հայտնի է դարձել Մերձավոր Արևելքի ամենազադեցիկ մարդկանցից մեկի՝ Դուբայի Էմիր և ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ Մուհամմադ բին Ռաշիդ ալ-Մաքթումի 6-րդ կնոջ՝ Հայա բինթ ալ-Հուսեինի փախուստի փաստը. վերջինը, ոչ ավել, ոչ պակաս Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի քույրն է: 45-ամյա Հայան, 12-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ, ինչպես նաև մոտ 39 մլն ֆունտ ակտիվով, փախել է նախ Գերմանիա, ապա Մեծ Բրիտանիա. ենթադրվում է, որ նա ունի նաև ՄԲ քաղաքացիություն, որը կարող է փոխանցել երեխաներին, հետևաբար ամուսինը չի կարող վերադարձնել կնոջն օրինական ճանապարհով: Հայան Լոնդունում ունի շուրջ 110 մլն դոլար արժողությամբ դղյակ, նրա անունով է գրանցված Եվրոպայի ամենաթանկարժեք ձիարշավարաններից մեկը: Ներկայում Հայան նախաձեռնել է ապահարձանի գործընթաց:

Որպես արքայադստեր փախուստի պատճառ՝ նշվում է նրա մտահոգությունն իր և երեխաների անվտանգության համար, նաև Էմիրի կողմից հաճախակիորեն կիրառվող բռնության իրողությունը. ի դեպ, նախկինում, դարձյալ նույն հիմնավորմամբ, Դուբայի էմիրից փախուստի անհաջող փորձ են նախաձեռնել նաև նրա 2 աղջիկները: 

Մուհամմադ բին Ռաշիդը և Հայան ամուսնացել են 2004թ.: Այդ ժամանակահատվածում նրանց ամուսնությունը համարվել է կարևորագույն դիվանագիտական հաջողություն ինչպես Դուբայի, այնպես էլ հատկապես Հորդանանի համար՝ տնտեսական մի շարք ձեռքբերումների հեռանկարի առումով: Ասում են, որ Հայայի հետ ամուսնությունն իր զգալի ներդրումն է ունեցել Մուհամմադի՝ Դուբայի կառավարիչ նշանակվելու գործում: Ի դեպ, երիտասարդ տարիքում Հայան ապրել և սովորել է Լոնդոնում՝ Օքսֆորդի համալսարանում, բավական մտերմիկ հարաբերություններ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանգուցյալ եղբոր, Բասիլի հետ, ում հետ նաև ձիարշավով զբաղվելու ընդհանուր հետաքրքրություններ են ունեցել:

Հարկ է նշել, որ ներկայացվող միջադեպը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մի կողմից ԱՄԷ-ի, մյուս կողմից՝ Գերմանիայի, ՄԲ-ի, նաև Հորդանանի միջև: Կնոջ փախուստի դեպքի մասին տեղեկանալուց հետո Մուհամմադ բին Ռաշիդը հապճեպ կերպով ձեռնամուխ է եղել նրանց վերադարձը կազմակերպելու գործին. այդ նպատակով նախ դիմել է Գերմանիայի իշխանություններին, որի հատուկ ծառայությունները, որոշ տվյալների համաձայն, տեղյակ են եղել միջադեպի մասին, սակայն ապարդյուն: Վերոնշյալի համատեքստում Լոնդոնը ևս չի կարող վերադարձնել Դուբայի կառավրիչի ընտանիքը, քանի որ առկա են նրանց անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ: Մյուս հնարավոր ճգնաժամը Հորդանանի հետ է, որի հավանականությունը պայմանավորվում է Մուհամմադի կողմից Հայային անձնական վնաս հասցնելու հանգամանքով, ինչից, թերևս ամենից շատն էլ վախենում է Հայան, ով միջազգային մամուլում ամեն կերպ աշխատում է չվատաբանել Էմիրի անունը: Բացի նշվածից, իրավիճակի հավելյալ բարդացում է կանխատեսվում նաև պայմանավորված այն հանգամանքով, որ, համաձայն որոշ չճշտված տվյալների, Հայայի փախուստին աջակցել են մերձավորարևելյան տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեցող 2 բարեկամներ՝ Աբու Դաբիի էմիրության գահաժառանգ արքայազնը և Սաուդյան Արաբիայի գահաժառանագ արքայազնը՝ սեփական հատուկ ծառայությունների տրամադրման միջոցով: 

Հ.Գ. Առաջին լուսանկարում Դուբայի Էմիրն է, փախուստի դիմած Հայան և նրա եղբայրը՝ Հորդանանի թագավորը: