Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթ...

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նախկին ավտորիտար նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախընտրած թեկնածուն, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տանում երեկ անցկացված ընտրություններում, որոնք ստվերվեցին հարյուրավոր մարդկանց ձերբակալություններով:

Այսօր առավոտյան ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրություններում Տոկաևի օգտին քվեարկել են ընտրողների 70,76 տոկոսը, իսկ նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը, ով 2005 թվականից ի վեր առաջին ընդդիմադիր թեկնածուն է, ստացել է քվեների ընդամենը 16,02 տոկոսը։

1990 թվականից երկիրը ղեկավարող Նազարբաևի՝ մարտի 19-ին ներկայացրած հրաժարականից հետո Սենատի նախագահ Տոկաևը ի պաշտոնե ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը և ապրիլի 9-ին հայտարարել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Ղազախական ընդդիմությունը քննադատել է նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ այն որակելով «անարդար և ոչ մրցակցային»։