Ղարաբաղի ասյպես կոչված ադրբեջանական համայնքի...

 Ադրբեջանի ԱԳ նախարարությունում շաբաթավերջին պետանվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողությունները կրկին աշխուժացրեցին խոսակցությունները այն մասին, որ հնարավոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի փոփոխություն լինի։

Խնդիրը բավականին լուրջ է, քան կարող է թվալ, քանի որ արդեն իսկ անթաքույց է խոսվում, որ Մամեդյարովը կոռուպցիոն գործարքների հետ է կապված եւ 5 միլիոն դոլար ընդհանուր արժեքով երկու բնակարան է գնել Միացյալ Նահանգներում։ Իհարկե, այս պահին ձերբակալված է այլ պաշտոնյա, որը փոխկապակցված է արեւմտամետ գործչի համարում ունեցող մի պատգամավորի հետ, սակայն հասկանալի է, որ շղթան կարող է հասնել մինչեւ Մամեդյարովին։

Շատերը Ադրբեջանում, եւ նաեւ Հայաստանում կարծում են, որ Ադրբեջանի նոր ԱԳ նախարար կարող է դառնալ Իլհամ Ալիեւի խորհրդականներից Հիքմաթ Հաջիեւը, ով ժամանակին աշխատել է ԱԳ նախարարությունում։ Սակայն Հաջիեւը նոր մարդ չէ ադրբեջանական քաղաքական վերնախավում, եւ բավական թաթախված է ներադրբեջանական էլիտական «բազարներում։

Որքան էլ կարող է զարմանալի թվալ, սակայն Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնի ռեալ հավակնորդ կարող է լինել այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի ղեկավար, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, ԵԽԽՎ-ում եւ ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիեւը։ Երիտասարդ, փայլուն կրթություն ստացած այս դիվանագետը այսպես ասենք՝ Ալիեւի՝ վերնախավային թարմացումների տրամաբանության մեջ տեղավորվում է լիովին, մաքուր է եւ թաթախված չէ զուտ ադրբեջանական էլիտային հատուկ «բազարների» մեջ եւ որ ամենակարեւորն է, ինչպես ինքն է ներկայանում՝ ծնումդով Ղարաբաղից է՝ Շուշիից։

Ինչու Իլհամ Ալիեւը կարող է նրան նշանակել այդ պաշտոնում։ Որպես ԱԳ նախարար նա առաջին բանակցողն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով եւ որպես ծնունդով շուշեցի, որպես՝ ըստ ադրբեջնական քաղաքական էլիտայի տրամաբանության՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ», դառնալով ԱԳ նախարար, Գյանջալիեւը ստանում է ամենաբարձր հնարավոր մանդատը, ներկայացնելու Ղարաբաղյան բանակցություններում այսպես ասած «Ղարաբաղի ադրբեջանցիներին»։ Ի դեպ, եթե Իլհամ Ալիեւը այս նշանակումն անի, նոր հայտնագործություն արած չի լինի։

1999-2018 թթ Հայաստանում ղեկավարած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ծնունդով Ղարաբաղից են, եւ ըստ էության, Ալիեւը նույնիսկ այս հարցում կփորձի ընդօրինակել Հայաստանի կողմից մոտ երկու տասնամյակ կիրառած դիվանագիտական նուրբ քայլը, եթե իհարկե ինչպես ժողովուրդն է ասում՝ այդքան «քթածակ ունենա»։

Ու եթե նման բան լինի, ապա Հայաստանին այլ բան չի մնա, քան բանակցել Գյանջալիեւի հետ, որպես նաեւ Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցչի, ինչպես որ հայր ու որդի Ալիեւները ժամանակին բանակցում էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։