Վթար Հյուսիսային ավտոկայանի մոտ. միկրոավտոբու...

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան եւ «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը, այնուհետեւ բախվել կայանած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արման Հ.). «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսի 3 տուժածները՝ Վլադիսլավ Յ.-ն (ծնված 1997 թ.), Էդուարդ Մ.-ն (ծնված 1996 թ.) եւ Ռաֆիկ Մ.-ն (ծնված 1994 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Fiat Ducato» եւ «Mercedes E350» մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել: