Վրաստանը վավերացրել է ՌԴ-ի հետ սահմանային ճան...

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ՌԴ սահման տանող Կվշեթե-Կոբե ճանապարհի (Մցխեթա-Մթիանեթի շրջան) կառուցման համար 60 միլիոն դոլար հատկացնելու մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ վարկային պայմանագիրը:

«Ճանապարհի ընդհանուր արժեքը 558,6 միլիոն դոլար է, որից շուրջ 416 միլիոն դոլարը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը, մնացածը՝ մոտավորապես 60 միլիոն դոլարը, կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Վարկի տևողությունը 18 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 4 տարի»: Այդ մասին ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն ՝ պատգամավորներին ներկայացնելով վավերացման հրամանագրի նախագիծը:

Ասիական զարգացման բանկից ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից բացի, շինարարությանն իր մասնակցությունը կունենա նաև Վրաստանի կառավարությունը՝ ներդնելով 83,6 միլիոն դոլար: Նախատեսվում է շինարարությունը սկսել այս տարի: Այն կիրականացնի «Չինական երկաթուղիների 23 բյուրո» ընկերությունը: