Ովքե՞ր են նարկոբիզնեսով զբաղվել Հայաստանում

Երեկ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Ըստ էության այս գործով իշխանությունները սկսում են իրավական գործընթաց Գասպարյանի և իր շրջապատի կարկառուն դեմքերի նկատմամբ: Այդ դեմքերից մեկը նախկին ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն է՝ Վովայի Արշակը:

Իշխանափոխությունից հետո նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը անաղմուկ հեռացել էր Հայաստանից, որպեսզի չհայտնվի իրավապահների ձեռքում։ Ամիսներ անց, սակայն նա վերադարձել էր և հարթել իր խնդիրները իրավապահների հետ:

2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արշակ Հակոբյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կազմակերպել էր Էրեբունի համայնքում ցուցարարների դեմ իրականացված բռնությունները։ Այս գործով, ի դեպ, իրավապահների կողմից ձերբակալվել էր Վովայի Արշակի փեսան՝ Մասիսի քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակցին պատկանող «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արշակ Հակոբյանը կանգնած է եղել Հայաստանի թմրաբիզնեսի բուրգի գլխին․«Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից:

Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել և հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը»,-գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն դատախազությունում այս գործի մասով ևս աշխատանքներ են տարվում և չի բացառվում, որ առաջիկայում թմրադեղերի վաճառքով զբաղվելու մեղադրանք առաջադրվի Վովայի Արշակին: