Ովքե՞ր են հավակնում դառնալ Արցախի նախագահ․ Ար...

Արցախում 2020 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ։ Չնայած դեռ բավական ժամանակ կա, բայց քաղաքական կյանքն Արցախում եռում է, և այս պահին էլ կա պատկերացում, թե ովքեր են մասնակցելու և ինչպիսի շանսեր կարող են ունենալ։

Politik.am-ն այս ընթացքում իր ուշադրության կենտրոնում է պահել Արցախում ընթացող պրոցեսները, հասարակության մոտ առկա տրամադրությունները։ Մեր այս հրապարակմամբ կփորձենք ի մի բերել մեր ուսումնասիրությունը և ներկայացնել հավանական թեկնածուներին և նրանց հնարավորությունները։

Թեկնածուները և նրանց հնարավորությունները

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց ցանկության մասին են հայտնել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։  Կան մի քանի այլ թեկնածուներ ևս, բայց նրանց դերակատարումը գրեթե աննկատ է։

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Արցախում ունի աջակիցների բավական զանգված, բայց նրանք որոշիչ դեր չեն կատարում Արցախի քաղաքական կյանքում։ Բաբայանը նաև չունի քաղաքական հենարան՝ կուսակցություն։ Եվ որ ամենակարևորն է՝ տեղացիները դեռ չեն մոռացել, թե ինչպես է իրեն ժամանակին դրսևորել Սամվել Բաբայանը ՊԲ հրամանատարի պաշտոնում, և դժվար թե ցանկանան հիմա նրան տեսնել արդեն նախագահի պաշտոնում։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, չնայած իր երկարամյա պաշտոնավարմանը, Արցախում չունի ազդեցիկ դիրքեր։ Նախկինում անցկացված սոցիոլոգիական հարցումներն իրենց հերթին ցույց են տալիս, որ Բաբայանին աջակցում է Արցախի ընտրողների չնչին տոկոսը։ Դավիթ Բաբայանը քաղաքական կուսակցության ղեկավար է, բայց նրա կուսակցությունը ևս տեսանելի դերատակարում չունի Արցախի քաղաքական կյանքում։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հեղինակավոր հրամանատար է։ Նրան ճանաչում են որպես պատերազմի հերոսի և փառապանծ ճանապարհ անցած գեներալի, բայց Բալասանյանը չունի լուրջ քաղաքական փորձառություն։ Վիտալի Բալասանյանն ազդեցիկ քաղաքական գործիչ էր 2012-ին, երբ նախագահական ընտրություններում հավաքեց ավելի քան 32 տոկոս ձայն։ Սակայն հետագայում իր շուրջ համախմբված ազդեցիկ քաղաքական գործիչներ Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը, հեռացան, և նա փաստացի մնաց միայնակ։ Բալասանյանը չկարողացավ նաև ազդեցիկ քաղաքական ուժ ստեղծել։ 

Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում ամենամեծ շանսերն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նախ նրա քաղաքական ուժն ամենամեծ խմբակցությունն ունի Արցախի ԱԺ-ում։ Արայիկ Հարությունյանը երկար տարիներ եղել է Արցախի վարչապետը, և այդ ընթացքում երկրի տնտեսությունը բավական առաջընթաց է արձանագրել։ Ներկայումս Արայիկ Հարությունյանի շուրջ են համախմբված տարբեր քաղաքական ուժեր և անհատներ։ Արայիկ Հարութնյանը լավագույն փորձագետների մասնակցությամբ հավակնոտ նախընտրական ծրագիր է կազմում։ Կարևոր է նաև արձանագրել, որ Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն մյուս հավանական թեկնածուների, լավ հարաբերություններ ունի Հայաստանի ներկա իշխանությունների հետ, իսկ սա կարևոր գործոն է լինելու առաջիկա ընտրություններում։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ այս պահին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լավագույն հնարավորություններն ունի առաջիկա ընտրություններում։