Ոստիկանությունը պատասխանել է պատգամավորի մեղա...

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

Ներկայացնենք ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ.

«1. Պատճենահանման հարցի վերաբերյալ 

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազակերպության կողմից պայմանագրի համաձայն պատճենահանող սարքավորումները մատակարարվելու էին ավելի ուշ, բանակցությունների արդյունքում դրանք ավելի շուտ են տրամադրվել (մայիսի 15-ին) անձնագրային և վիզաների վարչությանը։ Երևանի անձնագրային ծառայությունները վերազինվել են պատճենահանող սարքավորումներով։ Անհրաժեշտ մյուս նյութերը նույնպես կտրամադրվեն շատ կարճ ժամկետում և հունիսի 3-ից՝ սկզբնական փուլում, Երևանի անձնագրային ծառայությունները կունենան պատճենահանման հնարավորություն։
Շրջանառության մեջ է դրվել նաև արտաբյուջետային միջոցների վերաբաշխում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել ավելի երկարադիմացկուն պատճենահանող սարքավորումներ, որոնք կտրամադրվեն բոլոր անձնագրային ծառայություններին (թվով 62), այդ թվում՝ նաև Երևանի։

Որպես երկարաժամկետ և կայուն լուծում (ընդ որում, հետագայում լրացուցիչ ծախսեր չեն պահանջի) կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ձեռքբերման մրցութային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել է քաղաքացու կողմից ներկայացվող փաստաթղթերը սկանավորման եղանակով էլեկտրոնային բազայում պահպանելու հնարավորություն։

2. Հերթերի վերաբերյալ

Նախ անհրաժեշտ է նշել, որ հանգստյան սեզոնով պայամանվորված՝ մայիս-օգոստոս ամիսներին աննախադեպ աճում է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների քանակը։ Բացի այդ, նշված ամիսներին կտրուկ աճում է նաև դպրոցներ և մանկապարտեզներ հաշվառման տեղեկանքներ ներկայացնելու, իսկ այս տարի նաև նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար դիմողների քանակը։
Այնուամենայնիվ, հերթերի կարգավորման հարցը ՀՀ ոստիկանության համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր։ Ներկայումս շրջանառության մեջ է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 35 անձնագրային ծառայություններում տեղադրել հերթերի կարգավորման համակարգեր։ Ընդ որում, ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեն կխնայի 60 մլն դրամ։ Ներդրումային համապատասխան ծրագրով առեւտրային կազմակերպությանը 6 տարվա ընթացքում սպասարկման վճար չի հատկացվելու։

Բացի այդ, նշված միջոցառմանը զուգահեռ բոլոր անձնագրային ծառայություններում տեղադրվելու են մանրը վերադարձնող սարքավորումներ, որը բխում է հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրից։ Ընդ որում, այդ ամբողջի հետ մեկտեղ նախատեսվում է տերմինալիների միջոցով տեղում վճարվող 300 դրամ միջնորդավճարը նվազեցնել 100 դրամի, տեղերում տեղադրել անկանխիկ վճարման տերմինալներ։

3. Քաղաքացիների իրազեկվածության վերաբերյալ

Անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով օրվա կտրվածքով ստացվում են հարյուրավոր զանգեր, որոնք հիմնականում տեղեկատվական բնույթի են։ Առանց հանգստյան օրերի, շուրջօրյա գործում է անձնագրային և վիզաների վարչության ֆեյսբուքյան էջը, որը բացի իրավական իրազեկումներ տարածելուց, սեղմ ժամկետներում քաղաքացիների նամակներին տալիս է սպառիչ պատասխաններ։
Շուտով կգործի ԱՎՎ եռալեզու պաշտոնական կայքէջ»։