Որտե՞ղ կարող են գործել շրջիկ առեւտրի կետերը

Շրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը։ 

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրինագծի պատճառն այն է, որ նախկինում չի եղել այդպիսի կարգավորում, որով քաղաքապետարանը լիազորված կլիներ սահմանել վայրերը, որտեղ կարող են գործել շրջիկ մեքենաները և կցորդները։ 

«Քաղաքապետարանը հակված է այդ տնտեսվարողների հետ համագործակցության», - նշեց քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը։ 

Վերջինս ասաց, որ օրինագծով նախատեսված է նաև շրջիկ կետի գործունեության ժամանակային արգելք, մասնավորապես՝ գիշերային ժամերին։ 

Օրենքով, ըստ խորհրդականի, կարգավորվելու են տեղերը, որտեղ կկարողանան գործել տվյալ մեքենաները, կցորդները։ 

Նա հավելեց, որ էլեկտրոնային հարթակ է նախատեսված լինելու, որով շրջիկ-կետը հնարավորություն կստանա նշել իր գործունեության վայրը։ Իսկ ինչ վերաբերում է տուրքի վճարմանը, ապա նախնական սահմանված է 50 հազար դրամ, իսկ մնացած ֆինանսական հարցերը, մեքենայի կամ կցորդի արտաքին տեսքի վերաբերյալ հարցերն արդեն կքննարկի Երևանի ավագանին։ 

Օրինագծով ընդհանուր առմամբ չի թույլատրվելու գործունեություն ծավալել շենքերի բակերում, հրապարակներում և այլն։