Որեւէ զիջում չի լինելու. ճանապարհը բաց է․ Հայ...

Մեզ հաջողվեց բացել Իջեւանում կուտակումը եւ միջպետական ճանապարհն արդեն բաց է: Այս մասին գիշերը ժամը 2-ի սահմաններում Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Իջեւանում տեղի ունեցած դեպքերին:

Նրա խոսքով, մարդիկ, երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել:

«Այդ թողտվությամբ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ կարող են անօրինական բիզնես անել: Մեր մոտեցումը միանշական էր եւ անդրդվելի, որ անօրինական որեւէ արարք Հայաստանի Հանրապետությունը այլեւս չի կարող թույլ տալ: Ամենակարեւորն այն էր, որ մենք կարողացանք առանց շատ լուրջ հետեւանքների, չնայած մի քանի ժամ ճանապարհը փակ էր, որեւէ զիջում չանել անօրինականությանը։

Մեր պայմանավորվածությունն այն է, որ վաղվանից ավելի մեծ հսկողություն սահմանենք այդ գործընթացին, որպեսզի օրինական փայտահատության գործընթացները, այդտեղ առկա վաճառքի, վերավաճառքի առումով հնարավորինս պարզ լինեն, որ դա չբերի լրացուցիչ դժգոհությունների»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ արդեն այսօր կուսումնասիրեն բռնագրաված բոլոր մեքենաները եւ եթե այդ բռնագրավումն անօրինական է եղել, իրենք ընթացք կտան:

«Ոչ մի զիջում անօրինականությունը: Մամուլում որոշակի լուրեր են տարածվում, որ մենք ընդառաջել ենք պահանջներին: Ասեմ, որ որեւէ անօրինական պահանջ չի կատարվել: Միակ պահանջը, որ իրենց կողմից կար եւ մենք իրականացրել ենք, համահարթեցված գնի սահմանումն է  քամատապալի մասով: Ես ինքս էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը հնարավորինս պարզեցնենք»,-ընդգծեց Չոբանյանը:

«Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ եւ պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն դա չի լինի, եթե իրենք պատրաստակամ չլինեն այդ հարցում:

Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու եւ մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաեւ կոռուպցիոն մեխանիզմների դեմ էր, որը ստեղծվել էր եւ սա պայքար էր նաեւ կոռուպցիայի դեմ»,- ընդգծեց Չոբանյանը: