Որևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննմա...

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել իրեն վերագրվող մեղադրանքներին։ Անափիոսյանին առնչվող հոդվածը վերահրապարակել ենք նաև մենք, ուտսի ներկայացնում ենք նաև իր տեսակետը․«Անընդունելի եմ համարում անհիմն զրպարտությունները!

Քանի անգամ է սարսափելի հերյուրանքներով հոդված է տպագրվում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը։ Մտածում էի` զրպարտանքները հրապարակային հերքման պահանջ ներկայացնելու այլընտրանքներ կան, բայց հիմա հասկանում եմ, որ պետք է հրապարակայնորեն պատասխանել նաև այս եղանակով։ Ուրեմն՝

1. Իմ տանից գումար գողանալու հերյուրանքը տխրահռչակ սուտ է, և ես ունեմ ապացույց, թե ինչու է դա սուտ;

2. Ես հրաժարական եմ տվել, որ գնամ սովորեմ, վերադարձել եմ, քանի որ ըստ դասերիս օրացույցի պետք է այս ընթացքում վերադառնայի, և վերջին մոդուլս հետաձգվել է, քանի որ աշխարհում COVID-19-նն է մոլեգնում։ Իմ ընդունելության նամակում, ինչպես նաև ծրագրի կայքէջում օրացույցը կախված է;

3. Որևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել;

4. Ես որպես հկ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ կարող եմ վստահաբար հայտնել, որ Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն, որի տնօրենն եմ եղել նախքան նախարարությունում աշխատելը, նախարարությունից ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ նախարարությունում իմ աշխատելու ժամանակ, ոչ էլ նախկինում, կամ հիմա։

5. ԱԶԲ-ի համապատասխան փորձագետների խումբը խորհրդակցելու նպատակով հանդիպել է կրթության մի շարք փորձագետների, այդ թվում Ավետիք Մեջլումյանի հետ, ով այժմ ՀԿ-ի տնօրենն է, և առնվազն ես, որպես նախարարության աշխատակից, ԱԶԲ-ին չեմ ուղղորդել իր որոշումների կայացման գործում;

6. ԵՄ-ի վերաբերյալ բոլոր շահարկումները իմ անվան հետ կապված նույնպես հերյուրանքներ են։ Նախարարությունը չի ունեցել որևէ գործառույթ ԵՄ աջակցության ծրագիրը որևէ կազմակերպությանը, որպես դրամաշնորհ տալու կամ չտալու հետ»։