Home » Real Politik » Video. Ջավադ Քարիմի Ղոդուսիի քննադատություններն և ԻԻՀ արտգործնախարար Մուհամադ Զարիֆի պատասխանը

Video. Ջավադ Քարիմի Ղոդուսիի քննադատություններն և ԻԻՀ արտգործնախարար Մուհամադ Զարիֆի պատասխանը

7ab1348225eb2c0bb34f3998030Ամսվա սկզբին պահպանողական թևի՝ Հասան Ռոհանիի ղեկավարած ԻԻՀ 11-րդ կառավարության քաղաքականության քննադատություններն այս անգամ տեղափոխվել էին Իսլամական խորհրդարան: Մաշհադ քաղաքի ներկայացուցիչ Ջավադ Քարիմի Ղոդուսին բավական խիստ, քննադատական շեշտադրումներով հարցեր է ուղղել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մուհամադ Զարիֆին: Քննադատությունները հիմնականում վերաբերել են Աֆրիկայի և Արաբիայի գծով արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի պաշտոնից հեռացմանը, ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականության փոփոխություններին, «Միջուկային համաձայնագրի վնասակարությանը»: Արտաքին գործերի նախարարի պատասխանն այս քննադատություններին չափազանց կտրուկ է եղել, մասնավորապես Մ.Զարիֆը նշել է, որ ոչ-ոք իրավունք չունի հայտարարելու, թե արտաքին գործերի նախարարն, ով հետևում է ԻԻՀ հոգևոր առաջնորդի ցուցումներին խեղափոխում է ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականությունը, նրանք, ովքեր Իրանի և իսլամական հեղափոխության թշնամիների ջրաղացին ջուր են լցնում, սպառնում են ԻԻՀ պետական համակարգի հիմքերին: Մ.Զարիֆը հավելել է, որ թույլ չի տալիս պատգամավորներին խառնվել իր նախարարության գործունեությանը, իսկ Միջուկային համաձայնագիրը կնքվել և գործում է  Սահմանադրության Պահապանների խորհրդի[1] հաստատմամբ և դրա շուրջ հեգնական արտահայտությունները ևս անընդունելի են: Մ.Զարիֆի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել իրանական քաղաքական դաշտում: Բավական ազդեցիկ քաղաքական գործիչ, նախկին ԻՀՊԿ[2] անդամ Սեյեդ Նասեր Լարեգանին քննադատել է նախարարի պահվածքը՝ նշելով, որ Մ.Զարիֆն այն դիրքում չէ, որ մեջլիսի պատգամավորներին ինչ-որ բան թույլ տա կամ ոչ: Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին էլ իր հերթին քննադատել է Մ.Զարիֆի ելույթը՝ շեշտելով, որ ոչ մի նախարար չի կարող մեջլիսի պատգամավորների փոխարեն որոշումներ կայացնել:

    Պատգամավոր Ջ.Ղոդուսին Իսլամական խորհրդարանում արդեն 3-րդ կազմն անընդմեջ  Մաշհադ քաղաքի  ներկայացուցիչն է,  բավական հայտնի է իր՝ Հ.Ռոհանիի և ընդհանրապես ԻԻՀ ներկա քաղաքական կուրսի հանդեպ ունեցած անհամաձայնություններով: Ջ.Ղոդուսին 2013թ. հունիսին, երբ ԻԻՀ նախագահական ընտրություններում Հ.Ռոհանիի թեկնածությունը հաստատվել էր, դիմում էր ներկայացրել Պահապանների խորհուրդ, որ Հ.Ռոհանիին հեռացնեն ընտրապայքարից, մի քանի անգամ մեղադրել է Հ.Ռոհանիին «Մեծ Բրիտանիային կարևոր տեղեկություններ փոխանցելու մեջ»:  Ջ.Ղոդուսին ԻԻՀ 11-րդ կառավարության Միջուկային համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված քաղաքականության քննարկմանն ուղղված «Անհանգստացած ենք» խորագրով քննադատական կոնֆերանսի կազմակերպիչներից մեկն էր: Այս միջադեպը կարելի է համարել իրանական քաղաքական դաշտի բարեփոխիչական և պահպանողական ճամբարների 2017թ. նախագահական ընտրություններին ընդառաջ առաջին լուրջ ընդհարումը: Մի քանի պահպանողական գործիչներ շտապել են հայտարարել, որ պատգամավորի հարցին Մ.Զարիֆի նման պատասխանը «բուն հարցի պատասխանից խուսափելու միջոց է», քանի որ իրականում հնչեցված հարցերին ուղղակի պատասխաններ չունի: Մինչև 2017թ.-ի մայիսի նախագահական ընտրությունները դեռևս  7 ամիս կա և այս ժամկետի կրճատման հետ նման միջադեպերը շատանալու են:

  ԻԻՀ իսլամական խորհրդարանի խոսնակ Ա.Լարիջանին հայտարարել է, որ չի պատրաստվում գալիք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:  Անցած ամսում Մ.Ահմադինեժադի հնարավոր թեկնածուների շարքից հեռացումից հետո Ա.Լարիջանին արդեն երրորդ հնարավոր թեկնածուն է, որ հայտարարում է գալիք նախագահական ընտրություններում իր հնարավոր մասնակցության չեղարկման մասին: Ավելի վաղ նշվածներից թերևս ամենաբարձր համակրանք վայելող գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին՝ ԻՀՊԿ Ղոդս ստրաբաժանման հրամանատարը[3], իր հնարավոր առաջադրման խոսակցություններին պատասխանել էր, որ չի պատրաստվում թողնել զինվորական ծառայությունը: Ներկա իրավիճակում գալիք ընտրություններում գործող նախագահ Հ.Ռոհանիի հնարավոր հակառակորդների ցանկը մոտավորապես այսպիսին է. Թեհրանի քաղաքապետ Բաղեր Ղալիբաֆ, ԻԻՀ բարձրագույն անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյեդ Ջալիլի,  ԻԻՀ քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի, ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթի, Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի և Նպատակահարմարության խորհուրդների անդամ, մեջլիսի պատգամավոր Մոհամադ-Ռեզա Արեֆ, ԻԻՀ դատական համակարգի ղեկավար Սադեղ Լարիջանի[4]: Վերջինին մի շարք քաղաքական շրջանակներ համարում են նաև ամենահավանական ԻԻՀ հաջորդ հոգևոր առաջնորդի թեկնածու:

Ջավադ Քարիմի Ղոդուսիի քննադատություններն և ԻԻՀ արտգործնախարար Մուհամադ Զարիֆի պատասխանը:

Պատրաստեց՝  Հրաչյա Հակոբյանը

 


[1] Բացատրությունը տե՛ս. http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15013

[2] Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս:

[3] Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանում՝ Niruye Qods (բռց. «Երուսաղեմի ուժեր»)-Հեղափոխության կորպուսի կազմի մեջ գործող ստորաբաժանում է, որը պատասխանատու է Իրանի սահմաններից դուրս իրականացվող գործողությունների համար

[4] Սադեղ Լարիջանին ԻԻՀ մեջլիսի խոսնակ Ա.Լարիջանիի եղբայրն է:

Untitled-1 copy - Copy - Copy