Video. Ռուս պատգամավորներն առաջարկում են վերադարձնել Արարատը Հայաստանին

dbeb2f4041930132b03f19904d5b8fdeՊետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–ին նամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։

Այդ մասին գրում է «Իզվեստիան», ում ձեռքի տակ է գտնվում նամակի տեքստը։

«Մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ շահավետ բոլոր ռուս–թուրքական համաձայնագրերի վերանայման հավանականությունը։ Անկարան պետք է հասկանա, թե ինչ հետևանք կարող է նրա համար ունենալ հակամարտության լարումը։ Միայն դա կարող է նրան սթափեցնել և հետ պահել նոր սադրանքներից»,– ասել է պարբերականին Օբուխովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Իր գործընկերների նախաձեռնությանը կողմ են նաև «Արդար Ռուսաստանում»։ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով, Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել էր ի վնաս Ռուսաստանի շահերի։

Օբուխովը նշել է, որ «անդրկովկասյան երեք հանրապետություններից երկուսը` Վրաստանը և Հայաստանը, չեն ընդունում պայմանագրի պայմանները` այն անարդար համարելով»։ «Պետք է հիշել, որ 1921 թվականին բոլշևիկների իշխանությունը դեռևս բառացիորոն մազից էր կախված` շարունակվում էր օտարերկրյա ինտերվենցիան, քաղաքացիական պատերազմը։ Այդ պայմաններում Խորհրդային Ռուսաստանը չէր կարող ուժ կիրառել և Թուրքիայի վզին փաթաթել պայմանագրի ավելի շահավետ պայմաններ»,– ասում է կոմունիստը։

Պայմանագրի համաձայն, հիշեցնում է պարբերականը, «Կարսի մարզը և նախկին Բաթումի մարզի հարավային մասը (Ռուսական կայսրության կազմում էին 1878 թվականից), ինչպես նաև Էրիվանի նահանգի Սուրմալու գավառն (Ռուսական կայսրությունում էր 1828 թվաիկանից) Արարատ լեռան հետ անցնում էին Թուրքիային»։

Դիտվել է 182 անգամ
 


Այս թեմայով