Home » Real Politik » Video. Պալաչը կրկին ներողություն կխնդրի Գագիկ Ծառուկյանից

Video. Պալաչը կրկին ներողություն կխնդրի Գագիկ Ծառուկյանից

76971Երեկ Արթուր Հարությունյանը` Պալաչը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր ընկերության սնանկացման մեջ մեղադրել է գործարար Գագիկ Ծառուկյանին.«Իշխանությունից աջակցություն չունենար, շատ հարցեր կար՝ ինքը չէր կարող անել: Մի կողմից իշխանությունը հայտարարում է՝ բոլոր ներդրողների համար հավասար դաշտ ենք ստեղծում, մյուս կողմից սա վառ օրինակ է, թե ինչպես ներդրողին հասցրին սնանկացման: էդքան էլ բանկերով ներդրումներ արեցինք: Ի՞նչ ասեմ, ինքը (Գագիկ Ծառուկյանը-խմբ.) հասավ իր նպատակին, սնանկացրեց «Քինգ դելյուքսը», երեւի ունեցածը իրեն չէր հերիքում, էդ էլ ունեցավ, թող վայելի, բարով վայելի: Եթե ինչ-որ մի բան պետք է, կարող եմ դա էլ տալ: Եթե ինչ-որ բանի վրա էլ աչք ունի, ես ունեմ, կարող եմ տալ, էդ մարդը կկշտանա երևի»,-հայտարարել էր նա:

Այս հայտարարության հետ կապված Politik.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ.«Գիտեք ինձ թվում է, որ Արթուր Հարությունյանի զառանցանքներին վաղուց արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերում և սա ավելի շատ հոգեբանների ու հոգեբույժների համար ուսումնասիրության հարուստ նյութ կարող է լինել, թե ինչու է մարդը սեփական անհաջողություններն ու տապալումները անընդհատ փորձում բարդել ուրիշ մարդկանց վրա: Ես իհարկե հասկանում եմ, որ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու ուրիշ հնարավորություններ չունենալով և բացառապես սեփական անունը հեղինակություն ունեցող այլ մարդկանց անունների կողքին շահարկելով՝ Արթուր Հարությունյանը հուսահատ փորձեր է անում, բայց պետք է արձանագրեմ, որ դրանք խիստ ապարդյուն են ու անպտուղ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրա ղեկավարած ընկերությունը սնանկ է ճանաչվել սխալ կառավարման ու մենեջմենթի արդյունքում և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի երթուղիները դրա հետ ոչ մի կապ չունեն, քանզի դրանք գործում են 15 տարուց ավելի և շարունակելու են գործել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունն ունի դրա անհրաժեշտությունը: Նույն Արթուր Հարությունյանը ընդամենը որոշ ժամանակահատված առաջ բարձրաձայնում էր բարեգործական երթուղիների անհրաժեշտության մասին և ներողություն էր խնդրում Գագիկ Ծառուկյանից իր արարքների համար և ինչ որ բան ինձ հուշում է, որ կարճ ժամանակ անց նա հերթական անգամ շտապելու է հայցել Գագիկ Ծառուկյանի ներողամտությունը այսօր թույլ տված իր սխալների ու արտահայտությունների համար»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 818 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy