Video. Հայաստանից ապօրինի դուրս է բերվել 1 միլիարդ 840 միլիոն դոլար

19.12.38Գումարների ապօրինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային և մասնավոր սեկտորների վրա, «Ամերիկայի Ձայն»ին պատմել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վերլուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը.

«Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներ են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել և օգուտ բերել: Դա նաև հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում»:

Վերլուծաբանի խոսքով, զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում.

«Հայաստանի դեպքում 2013 թվականին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչդեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն, աճը գրանցվում է թե՛ գումարային և թե՛ տոկոսային արտահայտմամբ»:

Նշենք, որ «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպության տվյալներով, 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 միլիարդ 848 միլիոն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 միլիարդ 736 միլիոն դոլար, կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013-ին դուրս է բերվել 120 միլիարդ 331 միլիոն դոլար, կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին:

Տնտեսական հարցերով լրագրող Հայկ Գևորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում.

«Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության համար լրացուցիչ սպառնալիք է, և ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»:

Լրագրողի խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման և ծախսման գործընթացին.

«Հասարակության կողմից կա պահանջ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու և ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»:

Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրանքագրի կեղծման միջոցով.

«Ապրանքագրի կեղծումն առևտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքի գինը և գումարները դուրս են բերվում: Ասենք, արտերկրից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել»:

Արդյունքում, փաստաթղթերով ավելանում են ընկերության ծախսերը և նվազում՝ շահույթը.

«Այսպես, օրինակ, Գանայում մենք հանդիպեցինք գարեջուր արտադրող խոշոր ընկերություն, որն ավելի քիչ հարկ էր վճարում, քան այդ ընկերության գարեջուրը սեղանիկից վաճառող մի կին ձեռներեց»:

Հայկ Գևորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձևակերպված այդ գումարներն այնուհետև օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում.

«Այսինքն, երբ որևէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը և ազատվում շահութահարկից, որը պետք է Հայաստանում վճարեր»:

Սփանջերսի խոսքով, միևնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը.

«Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանյան կղզիներ, այլև՝ Արևմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանկերում»:

Ինչ վերաբերում է գումարների ապօրինի արտահոսքի հետ պայքարին, ապա Հայկ Գևորգյանի խոսքով, հայ հասարակության մեջ կա նման պահանջարկ, որը սակայն ֆորմալ ձևակերպված չէ: Արևմտյան վերլուծաբանի խոսքով, գումարների ապօրինի դուրսբերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է.

«Լավագույն միջոցներից մեկն է բոլոր ընկերությունների սեփականատերերի և օգտատերերի բաց հրապարակումը: Դա թույլ կտա և իշխանություններին, և լրագրողներին և ընդհանրապես հասարակության ցանկացած ներկայացուցչի պարզել, թե ով է ընկերությունների վերջնական սեփականատերը և թույլ չի տա թաքնվել անանուն ընկերությունների քողի տակ»:

Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերի» հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր, սակայն՝ վերջին քայլը չէ:

Դիտվել է 299 անգամ
 


Այս թեմայով