Video. Իշխանավորները պարտավոր են օր առաջ վերադարձնել հափշտակած դոլարները

zaruhi-postanjyan-472x265Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության դեմ օրակարգային դարձրեց Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացման հարցը, որը ռազմատեխնիկական բաղադրիչի ոչ բավարար լինելու հետևանք է: Այս պահին ժամանակավրեպ համարելով անդրադառնալը 80-ականների զենքով 2016 թվականին կռվելու բացահայտված իրողության հիմնավոր քննադատությունը` կարևոր նշանակություն է ստանում ներկա պատերազմական իրադրության պայմաններում Հայկական զինված ուժերի սպառազինության արդիականացումը:

Երբ այս օրերի ընթացքում կոչ էր արվում միասնության, «անպարտելի համախմբման» և այլն, դրանք հիմնական կյանքի կոչողը եղավ հանրությունը` իր ինքնակազմակերպվածության և գործնական հայրենասիրության շնորհիվ: Հերթը իշխանությանն է, որն այս պատերազմական օրերին առնվազն պարտավոր է  միջոցներ տրամադրել` հնարավորինս արդիականացնելու բանակի սպառազինությունը և իրական տեսանելի աջակցություն ցուցաբերել մեր զոհված և վիրավոր բոլոր զինծառայողների և կամավորների ընտանիքներին:

Այո՛, հայ հասարակությունը և հայ զինվորը այսպիսի էքստրեմալ պայմաններում  հանդես եկավ հերոսաբար: Հայ զինվորը զոհաբերեց իրեն պատկանող  միակ անգին ունեցածը՝ իր կյանքը:  Մեր իշխանավորների հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, եկել է ժամանակը նաև նրանց կողմից ցույց տալու իրենց պարտադիր բաժին մասնակցությունը այս պատերազմում:

Այդ հրատապ հրամայականի ներքո իշխանավորները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքների անդամները, որոնց թիվը կազմում է շուրջ հինգ հարյուր մարդ, ովքեր անհիմն, ապօրինի հարստացել են, պարտավոր են օր առաջ հանրությունից հափշտակած միջոցները՝ միլիարդավոր դոլարները, հետ վերադարձնել հանրությանը:

Բազմաթիվ լրջագույն ձախողումներ արձանագրած ոչ օրինակարգ իշխանությունը, եթե  լրջություն  չցուցաբերի այս կարևորագույն հարցում, չհամալրի հայկական զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ապա պետք է սպասի ոչ միայն արտաքին  ռազմաճակատում հերոսության արձանագրմանը, այլև ներքին ճակատում արդարության վերականգնմանը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Դիտվել է 461 անգամ
 


Այս թեմայով