Video. Դրամահավաք Սլոյաններին օգնելու համար. հավաքվեց մոտ 3500 դոլար

13001211_1041329342593316_5613556108978660166_n«Օգնենք  Քյարամ Սլոյանի ընտանիքին» նախաձեռնության անդամներն այսօր  Հյուսիսային պողոտայում դրամահավաք  էին կազմակերպել՝ ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու համար: Նախաձեռնության անդամ Բորիս Մուրազին Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ գործարարների օգնությամբ լուծում են Սլոյանների տան վերակառուցման խնդիրը, իսկ այսօրվա միջոցառման նպատակն է նրանց ապահովել նաև որոշակի դրամական միջոցներով:

Նախաձեռնության անդամ Կարո Ղուկասյանը Politik.am -ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման իրականացման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն անհասկանալի պատճառներով մերժում են ստացել. «Խոսել ենք փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Ես չհասկացա նրա գիտության ցենզի մակարդակը: Ասում է՝ դրամահավաքի փոխարեն կարող էիք թռուցիկների վրա հայտարարություն տպել ու բաժանել քաղաքացիներին, բայց ես եմ՝ ուզում եմ 1000 դրամ փոխանցել, պետք է գնամ բանկ, որ բանկն էլ պահումնե՞ր անի: Ոչ ակցիա ենք անում, ոչ նռնակներ ենք բերել, որ պայթեցնենք, իմաստ չեմ տեսնում խոչընդոտելու»:

Ի վերջո երիտասարդները միջոցառումը հասցրեցին ավարտին, որի արդյունքում հավաքագրվեց  1 132 780 դրամ+145 դոլար, 1000 դոլար, որը փոխանցել էր լրագրող Գագիկ Շամշյանը, հագուստ և սննունդ: Հավաքված միջոցները մոտ օրերս կփոխանցվի Քյարամ Սլոյանի ընտանիքին:

 


Այս թեմայով