Video. Գողացված բանկային քարտերից հափշտակվել է 13 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները:

2018թ. փետրվարի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց միջոցով Երևան քաղաքում գտնվող տարբեր բանկոմատներից կատարվել են գումարի կանխիկացման գործարքներ՝ հափշտակելով շուրջ 13 մլն ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատների անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտերով կատարված գործարքների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտերի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Տեսանյութը՝ ստորև

Այս թեմայով