VIDEO. Գագիկ Հարությունյանն իր՝ նախագահ դառնալու լուրերի մասին

Այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ Սահմանադրական դատարանի՝ Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական ճանաչելուց հետո արդյո՞ք Վանաձորում նոր ընտրություններ չպետք է հատարարվեին: Ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ չի կարող ասել. «Որոշումն ընդունել ենք, մնացածն արդեն մյուսների գործն է: Եթե հանկարծ որոշումը չի կատարվում, ՍԴ-ն ամեն տարվա վերջին՝ հունվարին, անդրադառնում է իր որոշումների կատարման վիճակին և գնահատական է տալիս: Մենք հունվարին կանդրադառնանք, և դատարանն էլ կորոշի, իր վերաբերմունքը կարտահայտի»,- ասել է Գագիկ Հարությունյանը:

Մեր այն հարցին, որ եթե ՏԻՄ օրենքը մինչև մարտի 31-ը համաձայնեցվի Սահմանադրությանը, արդյո՞ք սա իրավիճակ է փոխում, Գագիկ Հարությունյանը նշել է. «Հարցը հետևյալն է, մեզ դիմել են մեկ հարցով՝ օրենքի նորմի սահմանադրականության հարցով, մենք այդ նորմը ճանաչել ենք հակասահմանադրական: Մնացած ամբողջ հետևանքները պետք է բխեն այդ նորմը հակասահմանադրական ճանաչելուն: Ինչ վերաբերում է որոշումներին, այնտեղ շատ հստակ գրված է՝ դրանք ածանցյալ են, այսինքն՝ ընդամենը չորս որոշում է մեզ ներկայացվել ըստ ձևի գնահատելու, և ոչ թե ըստ բովանդակության, մենք ասել ենք՝ դրա վրա տարածվում է ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 11 կետի դրույթները»:

Մամուլը բազմիցս անդրադարձել է, որ նախագահական ընտրություններին Գագիկ Հարությունյանը կառաջադրվի: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նման առաջարկ եղել է Գագիկ Հարությունյանին։ «Մամուլը զբաղված է մտավարժանքներով, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ես անձամբ նման ցանկություն չունեմ, իմ օրակարգում չկա»,- հավելել է նա:

 


Այս թեմայով