VIDEO. ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին երբեք զենք չի վաճառել

տանկՀավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման սկզբունքներին` Միացյալ Նահանգները հակամարտության կողմերից եւ ոչ մեկին զենք երբեւէ չի վաճառել: ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ազդեցիկ կազմակերպությունները, Ամերիկայի հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի հայկական համագումարը կարծում են, որ Վաշինգտոնի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնալու, սակայն, մտահոգված են Ադրբեջանի կողմից սպառազինությունների ձեռքբերման փաստով:

«Տարիներ շարունակ մեր մտահոգություններն ենք արտահայտել Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի աճի կապակցությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանից սպառազինությունների գնումների կապակցությամբ», — ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունիի խոսքով, միջազգային հանրությունը եւ առաջին հերթին` Միացյալ Նահանգները պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար.

«Մենք լիովին հավատացած ենք, որ Միացյալ Նահանգները ապագայում նույնպես ոչ մի դեպքում չպետք է զենք վաճառի Ադրբեջանին»:

Վերջին 15 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար չափով սահմանափակ ռազմական օգնություն է հատկացրել՝ զինծառայողների վերապատրաստման եւ կապի միջոցների ձեռքբերման համար: Ամերիկայի հայկական համայնքը սակայն մտադիր է պահանջել սեփական կառավարությունից, որպեսզի այն սառեցնի Ադրբեջանին ուղղվող նաեւ այդ սահմանափակ հատկացումները:

Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը կարող է կանխվել մի քանի եղանակով, այդ թվում, ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ աշխատանքի արդյունքում: Դրանից բացի, Համբարյանը հիշատակում է այսպես կոչված «Լեհիի օրենքը», որի համաձայն, ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացող ցանկացած հաստատություն, որը մարդու իրավունքների կոշտ խախտումներ է կատարում, զրկվում է այդ օգնությունը երբեւէ ստանալու հնարավորությունից:

«Մեր կարծիքով, կան բավարար հիմքեր, որպեսզի մեր կառավարությունը հետաքննություն նախաձեռնի, պարզելու, թե արդյոք Ադրբեջանը խախտել է «Լեհիի օրենքը», — նշում է Համբարյանը:

Արամ Համբարյանի կարծիքով, հավասարակշռություն ապահովելու համար ժամանակն է եկել, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն արգելի ցանկացած տեսակի օգնություն Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական աջակցություն տրամադրի հայկական կողմին.

«Մեզ անհրաժեշտ է համոզված լինել, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ Ադրբեջանը չի մտածի, թե կարող է ուժով հարցը լուծել», — նշում է Համբարյանը:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ ադրբեջանական կողմը հերքում է հայկական կողմի մեղադրանքները եւ իր հերթին մեղադրանքներ ներկայացնում:

Այս հարցում Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան խնդիրը բացարձակապես խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտությունն է:

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով