Վերաքննիչն այսօր ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյա...

Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումն ուղղակի ապացուցեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանությունների կողմից։ Այս մասին ասել է  ՀՀ երկրորդ  նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հինգերերոդ ալիք»-ին տված հարցազրույցում։

«Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը ուղղակի ապացուցեց, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և ենթարկվում է քաղաքական հետապնդման նոր իշխանության կողմից: Դա արդեն կարծում եմ՝ ակնհայտ է և փաստ է, որը ապացուցման կարիք չունի: Այսինքն՝ դուք տեսնում եք, որ չունենալով որևէ հիմք կալանքի տակ պահելու նախագահ Քոչարյանին ոչ միայն իրավական դաշտում, այլև տրամաբանության դաշտում, այնուամենայնիվ, կալանքը երկարացվում է։ Վստահ եմ, որ դատավորները շատ լավ հասկանում են, որ կալանքն ապօրինի է, այնուամենայնիվ, հերթով, բացառությամբ մեկի, նույն որոշումն են կայացնում, ինչը պարզապես ի ցույց է դնում տեղի ունեցողը»,– ասել է նա։

Նա խայտառակություն է համարել այս փուլում խոսել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, ընդգծել է, եթե թաքնվելու լիներ, ժամանակին չէր վերադառնա Հայաստան։  Նույնը, ըստ նրա, վերաբերում է նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ հիմնավորմանը։ Նա հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահը երեք ամիս եղել է ազատության մեջ ու որևէ բան չի ձեռնարկել։

Սողոմոնյանի խոսքով, «սա իսկանան քաղաքական վենդետա է, և փորձ է քաղաքական կյանքից մեկուսացնել հիմնական օպոնենտին և պարզապես նրան կալանքի ենթարկել՝ վրեժխնդիր լինելով անցյալի ինչ-որ հարցերի համար»։

Նա համարում է, որ իշխանությունները բացարձակ ապաշնորհություն են ցուցաբերում, «այդ պատճառով պետք է անընդհատ ձգտեն ազգային հերոսին, մեծ հաջողություններ գրանցած մարդուն մեկուսացնել ու այդ ճանապարհով ազատվել օպոնենտից»։

Սողոմոնյանը սա անհեռատես քաղաքականություն է որակել երկու պատճառով. «Նախ հնարավոր չի դա երկարատև անել, քանի որ պարզ է՝ հենց որ դատարանների վրա քաղաքական այն ահավոր ճնշումը, որ այսօր կա, թուլանա կամ ստանանք ՄԻԵԴ որոշումը, որն ակներև մեր օգտին է լինելու, կալանքը դադարեցվելու է։ Մյուս կողմից, ցավում եմ, բայց իշխանություններն այս ապօրինությունների մեջ ներքաշում են և իրավապահ, և դատական համակարգերը՝ ստիպելով նրանց մասնակցել այդ քաղաքական հետապնդումներին ու ապօրինություններին։ Չեմ կասկածում, որ իրավիճակից դուրս ենք գալու և մեր պայքարը շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ իրավական, քաղաքական դաշտում ու այլ հարթություններում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: