Վարչապետն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այսօր ժամանել է Իտալիայի Հանրապետություն:Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից.

Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները։

Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր և զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։

Ներկայում հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը և ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որևէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին և գրառում կատարել «Ոսկե» գրքում։Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել։Նաև ուզում եմ հայ ժողովրդի գնահատանքն արտահայտել Մխիթարյան միաբանությանը, որ մեր ժամանակակից կրթության, գիտության, արվեստի կարևորագույն աղբյուրներից մեկն է։Այն ժամանակ, երբ հայկական ինքնությունը վտանգված էր հայրենիքում, Մխիթարյան միաբանությունը մեր լեզվի, պատմության, ինքնության պահպանման մի իսկական տաճար դարձավ։Իմ խոնարհումն այդ առաքելության բոլոր նվիրյալներին։Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ։

Ողջունելով վարչապետին՝ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը նշել է. «Պարոն վարչապետ,Ես կցանկանայի Ձեզ դիմավորել Շիրազի խոսքով. «Օտար ափերում դու հայոց հույս, քեզնով է հայոց հույսը նորոգվում»։ Իսկապես այսօր այդպիսի նորոգության պահեր, դրվագներ են։ Շատ մեծ բան կա խոսելու Մխիթարյան միաբանության մասին. երեք հարյուր տարվա պատմություն կա, ամեն ընկերություն ունենում է իր ելևէջները։ Մխիթարյան միաբանությունն ունեցել է շատ դժվար պահեր և միշտ վերահաստատվել է, այս տարածաշրջանում միակ վանքն է, որ վերահաստատվել է։ Այս վերջին շրջանում մենք ունեցանք դժվարություններ, բայց վստահ ենք, որ Աստծո օգնությամբ և ողջ հայ ժողովրդի, հայ պետականության թիկունքով և նեցուկով պիտի կարողանանք բոլոր դժվարությունները հաղթահարել»:

Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայր Լևոն, իհարկե, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Ցավում եմ, որ այստեղ լինելու առիթը կապված է ջրհեղեղի հետ։ Բայց, մյուս կողմից, իսկապես ուրախ եմ, որ անդառնալի, անվերականգնելի վնաս չի պատճառվել, և, ինչպես առիթ ունեցա գրելու մատյանում, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության մեջ իսկապես շատ մեծ դերակատարում ունի։ Այն ժամանակներում, երբ մեր ինքնությունը հայրենիքում վտանգված էր և նույնիսկ գտնվում էր ոչնչացման եզրին, Մխիթարյան միաբանությունը դարձավ այն տեղը, որտեղ մեր պատմությունը, մեր լեզուն, մեր գիտությունը, մեր արվեստն ուսումնասիրվեց, ըստ էության, մեր արմատների հետ մեր հաղորդակցության մի կարևորագույն գիտական առաջին հերթին օջախ դարձավ, և նրա դերն, իրոք, անգնահատելի է։ Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով և համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը՝ գիտության, հայագիտության, մեր պատմության, մշակույթի այս կոթողը, դեռ շատ երկար իր խորհրդանշական և գուցե, ուզում եմ նաև հավատալ և պիտի այնպես անել, որ գործնական դերակատարումը նույնպես շարունակի ունենալ։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, Հայ Կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Իր գործունեության ընթացքում Մխիթարյան միաբանությունը հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Վենետիկի Մխիթարյան միաբանության տնօրինության տակ այժմ գործում են Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրատ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Մխիթարյան միաբանության գրապահոցը հայկական ձեռագրերի աշխարհում երրորդ ամենամեծ հավաքածուն է՝ Մատենադարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հավաքածուներից հետո։