Ի պատասխան «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ մեր հոդվածի ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը politik.am-ի հետ զրույցում ասաց․ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ: ՈՒստի և politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»։
Ի պատասխան մեր ճշտող հարցի, թե ինչու՞ է Մարիամ Փաշինյանը օգտվում ուղեկցող մեքենայից՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց․«Տվյալ տրանսպորտային միջոցը գտնվում է ՊՊԾ հաշվեկշռում և օգտագործվում է վարչապետի ընտանիքի անդամի՝ օրենքով նախատեսված անվտանգությունն ապահովելիս։ Չենք գտնում, որ վարչապետի դստեր անվտանգության ապահովման նպատակով պետք էր լրացուցիչ ծառայողական ավտոմեքենա կցել, իսկ այս դեպքում գտնվել է օպտիմալ լուծում»։